«Մանկապարտեզի մակարդակի բեմականացում է, բայց այլ հնարավորություն չկա». Հովհաննես Իգիթյան

«Ժողովրդի զգալի մասն ուզում է, որ լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ։ Այսօր ԱԺ-ն չի համապատասխանում այն համամասնությանը, որն առկա է հասարակության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։

Նրա խոսքով՝ և՛ հասարակությունը, և՛ կառավարությունը պատրաստ են գնալու արտահերթ ընտրությունների. «Հնարավոր չէ զարգացնել պետությունը, երբ ԱԺ-ն չի աշխատում։ ԱԺ-ն միայն այն 105 պատգամավորը չեն, ովքեր կոճակ են սեղմում և գումար ստանում, ԱԺ-ն ունի նաև բալանսավորման, իշխանությունների վերահսկողության խնդիր, որը չի իրականացնում, ընդհակառակը՝ խոչընդոտում է կառավարության աշխատանքը»։

168.am-ի դիտարկմանը՝ հանրապետականներն ասում են, որ այդ քվեարկությունը չի նշանակում, թե դեմ են գնում ժողովրդի կամքին, նշում են, որ պատրաստ են բանակցությունները շարունակել, նա այսպես արձագանքեց.

«Խոսքը մի քանի պատգամավորների հետ համաձայնության գալու մասին չէ, այլ հասարակության հետ համաձայնության, հիմա ո՞ր հասարակության մասին է խոսում Հանրապետականը, երբ ասում է, թե գնում են կոմպրոմիսի։ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ տարբեր շերտեր չկան հատկապես այն հարցում, որ պետք է օր առաջ լինեն արտահերթ ընտրություններ։ Բանակցում ենք, որ մայիսի՞ն անցկացնենք, այդ 6 ամիսը խնդի՞ր պետք է լուծի։ Ի վերջո, հասարակությունն այդ հեղափոխական մթնոլորտով է ապրում, և օր առաջ պետք է հանգուցալուծվի այս խնդիրը։ Եթե բոլորը համաձայն են, մի քանի հոդված պետք է փոխենք ԸՕ-ում և գնանք ընտրությունների»։

Փորձագետից հետաքրքրվեցինք՝ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը որքանո՞վ է ճիշտ, որովհետև կարծիքներ կան, որ նրա հրաժարականից հետո մյուս ուժերը կարող են վարչապետի իրենց թեկնածուներն առաջարկել։ Ի պատասխան՝ Հովհաննես Իգիթյանն ասաց, որ ԱԺ-ն նույնիսկ 105 պատգամավորի հրաժարականի դեպքում ինքնալուծարման հնարավորություն չունի.

«Այսինքն՝ նույնիսկ այն, ինչ ընդունված է այլ երկրներում, մեզ մոտ չկա։ Սահմանադրությամբ գրել են միայն կառավարության հրաժարականի հնարավորությամբ ԱԺ-ն լուծարելը։ Այս խնդիրը պետք է հետագայում լուծել։ Հիմա պետք է քաղաքական ուժերը պայմանավորվեն, որ վարչապետը հրաժարական է տալիս, մյուսները թեկնածու չեն առաջադրում, դա մանկապարտեզի մակարդակի բեմականացում է, բայց այլ հնարավորություն չկա. Նիկոլ Փաշինյանը գնում է օրենքի ճանապարհով»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս