«Նիկոլ Փաշինյանն իրազեկել է իր ծրագիրը, ընդհանուր կոնսեսնսուս, պայմանավորվածություն չի եղել». Էդմոն Մարուքյանը մանրամասներ է հայտնում երեկվա քննարկումից
Երեկ ԱԺ-ում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի մոտ մի քանի ժամ տևած խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրազեկել է իր ծրագիրը, ընդհանուր կոնսեսնսուս, պայմանավորվածություն չի եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ պայմանավորվածություն կա բանակցությունները շարունակելու մասին:
Ըստ նրա՝ տարբեր փաստարկներ կար առ այն, որ կառավարության ծրագրում գրված է, որ ընտրությունները պետք է տեղի ունենան մինչև մայիս ամիսը, որ ԸՕ-ն պետք է փոխվի, կարիքի դեպքում սահմանադրական փոփոխությունների նախագիծ կարելի է ընդունել:
Մարուքյանի խոսքով՝ եթե նոր ԸՕ-ն չընդունվի, ընտրության են գնալու հին օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով, որը օլիգարխների համար ձայներ է կոնսոլիդացրել, սակայն կառավարության ծրագրում գրված է, որ բիզնեսը քաղաքականությունից պետք է տարանջատվի և դա նշանակում է , որ եթե անգամ գործող ԸՕ-ն մնա, բնականաբար, չենք կարող ունենալ այն իրավիճակը, որ ունեինք.
«Քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ եթե անգամ նման առաջադրումներ լինեն, այլևս այդ մեխանիզմը չի աշխատելու: Ամեն դեպքում կա պատրաստի ԸՕ նախագիծ, որում 2 տարբերակ կա՝ 100% համամասնական կամ 100% համամասնական՝ բաց ցուցակներով, երկուսին էլ և՛ մենք ենք կողմ եղել, և՛ վարչապետն է կողմ, այսինքն՝ դա կարող է բերվել և ընդունվել»: