Եվրամիությունն ուժեղացնում է հսկողությունը կանխիկ դրամի շարժման նկատմամբ
Եվրամիության խորհուրդը հոկտեմբերի 2-ին հաստատել է կանոնակարգ, որը նպատակամղված է Եվրամիություն ներկրվող կամ այնտեղից արտահանվող կանխիկ դրամի նկատմամբ հսկողության բարելավմանը: Այդ մասին Բրյուսելում հայտնել է խորհրդի մամուլի ծառայությունը:
«Ահաբեկչության ֆինանսավորումը, կապիտալների լվացումը, հարկերի հետ կապված խարդախությունը եւ քրեական գործունեության այլ տեսակներ անհրաժեշտ է հսկել ու վերացնել: Նոր կանոնակարգը մեզ անհրաժեշտ միջոցներ է տալիս՝ այդ սպառնալիքների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- մեկնաբանել է այդ որոշումը ԵՄ-ի խորհրդում նախագահող Ավստրիայի ֆինանսների ֆեդերալ նախարար Հարթվիգ Լեգերը:
Նոր կանոնակարգն ընդլայնում է կանխիկ դրամի սահմանումը՝ դրանում ներառելով ոչ միայն թղթադրամները, այլեւ այլ լուծարուն միջոցներ, ինչպիսիք են վճարագրերը, ճանապարհային վճարագրերը, կանխավճարված բանկային քարտերը եւ ոսկին: Ընդլայնված է նաեւ կանոնակարգի կիրառման բնագավառը: Այն տարածվում է կանխիկ դրամի փոստային փոխանցումների եւ դրանց տրանսպորտային փոխադրման վրա:
Նոր օրենսդրությամբ Եվրամիություն մուտք գործող կամ այնտեղից մեկնող յուրաքանչյուր քաղաքացի 10 հազար եվրո կամ ավելի գումարի առկայության դեպքում պետք է մաքսատանը հայտնի այդ փողի մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: