Բաժիններ՝

Բժշկական կենտրոնում հիվանդին պատշաճ չեն ծանուցել վճարումների մասին, և վերջում պահանջել են մեծ գումար

Գաղտնիք չէ, որ քաղաքացիները, որոնք քիչ առնչություն են ունեցել Հայաստանի այս կամ այն բժշկական կենտրոնի հետ, միշտ էլ ունեցել են բողոքներ՝ կապված սպասարկման և բարձր գների հետ։

Նման դեպք է տեղի ունեցել նաև 168.am-ի խմբագրություն դիմած Մերի Հովսեփյանի ազգականի հետ (ազգականի անունը նրա ցանկությամբ չենք հրապարակում), որը ուռուցք ունենալով՝ Սյունիքի մարզից Երևան է եկել բուժվելու նպատակով։

«Մորեղբայրս ուներ լուրջ առողջական խնդիրներ, նրա մոտ հայտնաբերվել էր թոքի  ուռուցք, որի մետաստազները հասել էին նաև գլխին։ Սկզբում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ինստիտուտում վիրահատեցինք գլխի ուռուցքը, այնուհետև, օրեր անց, պետք է վիրահատեինք նաև թոքը։ Ես լսել էի, որ թոքաբան բժիշկ Սարկավագյանի մասին մարդիկ բարձր կարծիք ունեն, և որոշեցինք մորեղբորս թոքի վիրահատությունը վստահել հենց նրան: Գլխի վիրահատությունից օրեր անց  մորեղբորս տեղափոխեցինք «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մինչ այդ, իհարկե, բժշկից ճշտել էի վիրահատության արժեքը, այդ օրը ևս բժշկի և հիվանդասենյակների պատասխանատուի հետ կրկին ճշտեցի թե՛ վիրահատության, թե՛ հիվանդասենյակի գները: Սովորական հիվանդասենյակն անվճար էր, վճարովի սենյակը՝ օրական 5000 դրամ: Մենք թեև նախընտրում էինք վճարովին, սակայն մորեղբորս պառկեցրեցին անվճարում, քանի որ այդ օրերին վճարովի ազատ սենյակ չկար»,- մեզ հետ զրույցում նշեց Մ. Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ իրենց մտքով չի անցել, որ այդ բժշկական կենտրոնում իրենց «անակնկալներ» են սպասվում։

Կարդացեք նաև

«Երբ մորեղբայրս արդեն հիվանդասենյակում էր, նրան կաթիլային սիստեմաներ էին միացնում, բայց օրեցօր նրա առողջական վիճակը վատթարանում էր: Օրեցօր իրեն ավելի թույլ և անուժ էր զգում: Չորս օր մնացինք, սակայն այդ ընթացքում պատշաճ խնամք և հոգատարության նշույլ անգամ չզգացինք:

Նույնիսկ այն պահերին, երբ մորեղբայրս գլխի ուժեղ ցավեր ուներ, ոչ մի բժիշկ 5 րոպե ժամանակ չգտավ հիվանդով հետաքրքրվելու: Տեսնելով, որ մորեղբորս վիճակը վատանում է, մեր իսկ նախաձեռնությամբ զանգահարեցինք գլուխը վիրահատած բժշկին, վերջինս հորդորեց, որ կրկին գլխի մագնիսառեզոնանսային հետազոտություն՝ МРТ անենք և պարզենք՝ ինչն ինչոց է. Դրա համար վճարեցինք 70.000 դրամ, պատկերը ցույց տվեցինք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում գլուխը վիրահատած բժշկին, և նա տեղեկացրեց, որ մինչ թոքի վիրահատությունը, գլխի հետ կապված նոր խնդիրները պետք է բուժենք:

Որոշեցինք մորեղբորս տուն տանել և գլխի բուժման արդյունքներին սպասել։ Այսպիսով, հիվանդանոցում չորս օր մնալուց հետո մորեղբորս աղջիկը գնում է բժիշկ Տ. Սարիմանովիչի մոտ և խնդրում դուրսգրման թղթերը պատրաստել։ Վերջինս ասում է, որ՝ մի քիչ էլ սպասեք, սակայն զարմուհիս չի համաձայնում, նշելով, որ անիմաստ է այլևս սպասելը, և, որ բուժումները տանը կշարունակենք, որոնք, եթե արդյունք տան, նոր միայն իմաստ կունենա թոքը վիրահատել: Դրանից հետո Տ. Սարիմանովիչը հայտարարում է, որ դուրս կգրի միայն այն դեպքում, երբ մենք որոշակի վճարումներ կատարենք։ Բարեկամուհիս հետաքրքրվում է, թե ինչ վճարի մասին է խոսքը, և բժիշկը նրան ասում է, որ հիվանդանոցում մինչև 7 օր տևողությամբ բուժումն արժե 160 հազար դրամ»,- նշեց Մ. Հովսեփյանը։

Ըստ մեր զրուցակցի, ցանկանում է հարց բարձրացնել, թե ինչո՞ւ հիվանդանոցում այցելուներին պատճաշ կերպով չեն ծանուցում վճարվելիք գումարների մասին: Հետո էլ արդարանում են, թե պատին ամեն ինչ գրված է, հիվանդի բարեկամները պետք է կարդային:

«Անձամբ հարյուր անգամ հարցրել եմ վճարների մասին, բայց, փաստորեն, պարզվեց, որ պետք է պատերը մի լավ ուսումնասիրեի՝ գնացուցակը տեսնելու համար: Դա էլ կանեի, կկարդայի պատերին փակցված բոլոր թղթերը, սակայն, եթե միայն իմանայի, իսկ մեզ ոչ ոք այդ մասին ոչինչ չէր ասել: Ի՞նչ է սա, եթե ոչ՝  հիվանդներին թալանելու նոր ձև։ Մորեղբայրս եկել էր Սյունիքի մարզի Ագարակ գյուղից, գլխի ծանր վիրահատությունն արդեն տարել էր, մեծ գումարներ ծախսել: Ու դեռ առջևում ևս մեկ ծանր վիրահատություն ուներ՝ թոքի վիրահատությունը, և կրկին՝ նոր ծախսեր։

Այդ ամենը կազմակերպել ենք մեծ դժվարությամբ՝ հարազատների ֆինանսական օգնություններով, տարբեր վարկեր ձևակերպելով: Իհարկե, բնավ կապ չունի, թե մարդն ինչ սոցիալական դրության մեջ է, գումար ունի՞, թե՞ չունի, հարո՞ւստ է, թե՞ աղքատ, ապաքինվե՞ց, թե՞ ոչ, փաստն այն է, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մորեղբայրս մնալով 4 օր և որևէ վիրահատություն չանցնելով, առողջական որևէ փոփոխություն, առաջընթաց չունենալով հանդերձ՝ վճարեց 160.000 դրամ ու նոր միայն դուրս գրվեց»,- ընդգծեց Մերի Հովսեփյանը:

Նրան նաև հետաքրքրում է այն հարցը, թե ինչպե՞ս է ձևավորվել չարաբաստիկ 160 հազար դրամը մինչև 7 օրվա համար, բժշկական ո՞ր ծառայության դիմաց պետք է վճարեն այդչափ: Եվ ինչո՞ւ մեկ օր մնացողն էլ պիտի վճարի 160 հազար դրամ, 7 օր մնացողն էլ։

«Մենք մեզ վիրավորված և անզոր ենք զգում, մեր վրդովմունքի առիթը մի հիմնարկ է, որին յուրաքանչյուրս պետք է անվերապահորեն հավատանք ու վստահենք մեր կյանքն ու առողջությունը»:

Մեր զրուցակիցն ընթեցողին փոխանցեց գնացուցակը.

«Սիրելի հիվանդներ, գոնե այսպես ծանոթացնեմ հաստատագրված գնացուցակին, որպեսզի հայտնվելով «Գրիգոր ԼուսավորիչԲԿ-ի Կրծքային վիրաբուժության բաժանմունքում՝ /6-րդ հարկ/, մեզ նման փաստի առջև չկանգնեք.

Մինչև 7 օր տևողությամբ բուժումն արժե 160.000 դրամ, կապ չունի՝ 1 օր կմնաք, 2 օր, կամ հենց 7 օր:

Մինչև 10 օր տևողությամբ բուժումն արժե 220.000 դրամ

Մինչև 15 օր տևողությամբ բուժումն արժե 300.000 դրամ

15 օրից մեկ ամիս տևողությամբ բուժումն արժե 400.000 դրամ:

Թե ինչ տրամաբանությամբ է հաստատվել գնացուցակը, և ինչ է ներառում այդ բուժումը՝ հայտնի չէ»,- եզրափակեց Մերի Հովսեփյանը:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս