
Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է լազերային օպտիկայում արված գյուտի համար

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է ֆիզիկայի բնագավառում 2018 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներին: Մրցանակը կհանձնվի լազերային ֆիզիկայում նորարարության, այն է՝ օպտիկական նրբունելիի ստեղծման եւ կենսաբանության մեջ դրա կիրառման համար: Պարգեւին արժանացել են ամերիկացի գիտնական Արթուր Էշկինը. ֆրանսիացի ֆիզիկոս Ժերար Մորուն եւ Կանադայից Դոննա Սթրիքլանդը: Հաղթողի հայտարարման ուղիղ հեռարձակումն ընթանում էր Նոբելյան կոմիտեի կայքում։
Նախօրյակին Ստոկհոլմում հայտարարել էին ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին: Այս տարի մրցանակին արժանացել են գիտնական-իմունոլոգներ Ջեյմս Էլիսոնը եւ Տասուկու Հոնձյոն իմունային պատասխանի ակտիվացման ճանապարհով քաղցկեղի բուժման հայտնաբերման համար: Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում մրցանակի հանձնմամբ մեկնարկել է «Նոբելյան շաբաթը», այն տեղի կունենա հոկտեմբերի 1-ից մինչեւ 8-ը: Հոկտեմբերի 3-ին հայտնի կդառնա քիմիայի գծով դափնեկիրը: Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 5-ին:
Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը հիմնվել է 1969 թվականին՝ Շվեդիայի Բանկի կողմից, կշնորհեն հոկտեմբերի 8-ին: Այս տարի Ստոկհոլմում կհրապարակեն Նոբելյան հինգ դափնեկիրներից չորսի անունները: Նոբելյան կոմիտեն որոշել է չշնորհել գրականության Նոբելյան մրցանակ եւ դրա հանձնումը տեղափոխել է 2019 թվական:
Այդ որոշումն ընդունվել է Շվեդիայի ակադեմիայում ծագած սկանդալի պատճառով, ինչից հետո կազմակերպությունից հեռացան նրա վեց անդամներ: Նոբելյան մրցանակի չափն անցյալ տարի ավելացվել է մինչեւ 9 մլն շվեդական կրոն (1,12 մլն դոլար): Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը ավանդաբար տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ շվեդ ձեռնարկատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: