Բաժիններ՝

Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի եզրակացությունները տեսչական մարմինը ներկայացնելու է վարչապետի աշխատակազմին

Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ուսումնասիրությունն ավարտվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքով` խումբը տեսչության հետ կապ չունի և ձևավորվել ու գործում էր հասարակական հիմունքներով:

«Հոկտեմբերի 3-ին խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները, ինչպես նաև Լիդիան Արմենիա ընկերության առարկությունները կներկայացնեմ վարչապետի աշխատակազմին: Այս նյութերը գաղտնի չեն և համակարգված կերպով կտրամադրվեն նաև մամուլին ու այլ շահագրգիռ անձանց: Ի տարբերություն տեսչական մարմնի, աշխատանքային խումբն իրավունք ուներ և արել է նաև ընկերության ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա հիման վրա տրված բնապահպանական փորձաքննական եզրակացության վերաբերյալ դիտարկումներ»,- գրել  է Գրիգորյանը:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 3-ին մեկնում է Կապան` Քաջարանի հանքավայրի վերաբերյալ աշխատանքային խմբի ձևավորման օրակարգով:

«Հոկտեմբերի 3-ին, ժամը 16:00-ից, Սյունիքի մարզպետարանի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում,որտեղ կներկայացվի տեղեկատվություն աշխատանքային խմբի գործունեության, դրա իրավական հիմքերի, արդյունքների կարևորության և համայնքային ներգրավվածության վերաբերյալ: Սկսենք Քաջարանի հարցով աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը»,- գրել է Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս