
Վերին Գետաշենում, Սարուխանում և Երանոսում թեժ պայքար է սպասվում

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Սարուխան եւ Երանոս համայնքներում 2018 թվականի հոկտեմբերի 21-ին նշանակված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են 13 թեկնածու:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19 եւ թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, Վերին Գետաշենում առաջադրվել են համայնքի ղեկավարի 4, Երանոսում՝ 5, Սարուխանում՝ 4 թեկնածուներ: Ընդ որում, առաջադրված 13 թեկնածուներից միայն Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանն է ներկայացնում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, ում թեկնածությունն, ի դեպ, առաջադրված է ոչ թե կուսակցության կողմից, այլ՝ ինքնաառաջադրմամբ: Մնացած 12 թեկնածուներն անկուսակցականներ են:
Այսպիսով, Վերին Գետաշենում համայնքի ղեկավարի պաշտոնում քվեարկվելու համար, Հայկ Սարգսյանից բացի, իրենց թեկնածություններն են առաջադրել մանկավարժներ Դավիթ Դավթյանը եւ Տիգրան Մուրադյանը, ոչ մի տեղ չաշխատող Արմեն Սիմոնյանը: Սարուխանում իրենց թեկնածություններն են առաջադրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լյովա Աբրահամյանը, համայնքի նախկին ղեկավար Վահան Գեւորգյանը, հացաթխման արտադրամասի պետ Սամվել Զաքոյանը, վարորդ-առաքիչ Վիգեն Շահինյանը: Երանոսում իրենց թեկնածություններն են առաջադրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սաշա Բավեյանը, աշխատավայրերի հասցեներ չունեցող Ռոստամ Մովսեսյանը, Դավիթ Մելոյանը, Կարեն Սարիբեկյանը, Երեմ Քարամյանը:Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է Երանոսի եւ Սարուխանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուներին, իսկ Վերին Գետաշենի համայնքի ղեկավարի թեկնածուների գրանցման համար նախատեսված նիստը, ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ-ից տեղի կունենա հոկտեմբերի 3-ին:
Խոսրով Խլղաթյան