Բաժիններ՝

Աբեն Ճապոնիայի նոր կառավարությունում պահպանեց հանգուցային նախարարներին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 2-ին վերադասավորումներ է կատարել կառավարության կազմում՝ նկատի առնելով կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի՝ սեպտեմբերի վերջին կայացած ընտրությունների արդյունքները: Նա պահպանել է կաբինետի հանգուցային նախարարներին:

Կառավարության նոր կազմը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հրապարակել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, որը վերանշանակվել է այդ պաշտոնում:

Իրենց պարտականությունները կշարունակեն կատարել փոխվարչապետ, ֆինանսների նախարար Տարո Ասոն, արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն, որը Ճապոնիայի կառավարությունում ղեկավարում է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը, եւ տնտեսության վերականգնման նախարար Տոսիմիցու Մոտեգին, որն այժմ առեւտրական բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ:

Դրա հետ մեկտեղ Աբեն փոխարինել է կաբինետի մի շարք ոչ հանգուցային անդամների: Մասնավորապես, վարչական գործերի եւ հաղորդակցությունների նոր նախարար է նշանակվել Մասատոսի Իսիդան: Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նոր նախարար է դարձել Մասահիկո Սիբայաման: Բացի այդ, վարչապետը ԼԴԿ-ից խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Տակեսի Իվայային պաշտպանության նոր նախարար է նշանակել Իցունորի Օնոդերայի փոխարեն:

Սեպտեմբերի 20-ին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանում կայացած ընտրությունների արդյունքներով Սինձո Աբեն կուսակցության նախագահ է ընտրվել երրորդ ժամկետով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս