
Հարավային Կորեայի քաղաքացիների գրեթե 60 տոկոսը հանդես է գալիս ԿԺԴՀ-ի հետ միավորվելու օգտին

Կորեայի Հանրապետության տասը քաղաքացիներից վեցն անհրաժեշտ է համարում Հարավի եւ Հյուսիսի միավորվելը: Սրանք են հասարակական կարծիքի հարցման տվյալները, որոնք հոկտեմբերի 2-ին հրապարակել է Սեուլի պետական համալսարանին առընթեր Վերամիավորման եւ խաղաղության կենտրոնը։
Հաստատական պատասխան է տվել հարցվածների 59,8 տոկոսը. դա ամենաբարձր ցուցանիշն է 2007 թվականից ի վեր, երբ տեղի ունեցավ պատմության մեջ երկրորդ միջկորեական գագաթնաժողովը: Որպես վերամիավորման հիմնական փատարկներ հարցման մասնակիցների 45,1 տոկոսը նշել է կորեական ժողովրդի միասնությունը, 31,4 տոկոսը՝ պատերազմի սպառնալիքը վերացնելու անհրաժեշտությունը, 12,9 տոկոսը՝ միասնական Կորեան զարգացած երկրի վերածելը:
Միավորմանը դեմ է արտահայտվել հարցվածերի 34,6 տոկոսը: նրանց կարծիքով՝ դա կարող է հանգեցնել տնտեսական մեծ ծախսերի, ինչպես նաեւ սոցիալական խնդիրների առաջացման: Մինչդեռ հարցվածների կեսից ավելին կարծում է, որ վերամիավորումը դրական ազդեցություն կունենա ամբողջ կորեական հասարակության վրա:
Ընդսմին հարցման մասնակիցների 64,4 տոկոսը գոհունակություն է հայտնել Կորեայի Հանրապետության կառավարության հյուսիսկորեական քաղաքականության կապակցությամբ: 2018 թվականին կայացել են արդեն երեք միջկորեական գագաթնաժողովներ, սպասվում է, որ դեկտեմբերին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն առաջին անգամ կայցելի Սեուլ:
Հարցմանը մասնակցել է 19-ից մինչեւ 74 տարեկան 1200 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 3,4 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: