«Մանուկ Մանուկյանին աշխատանքից հեռացրել են, և նա փորձում է շանտաժով և մի քանի հոգու աջակցությամբ դառնալ համայնքի ղեկավար». Ռաֆիկ Անդրեասյան
Արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի որոշ բնակիչներ բողոքում են համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի դեմ, պահանջելով վերջինիս հրաժականը։ Քանի օր է՝ գյուղում լարված իրավիճակ է, գյուղը «կիսվել» է երկու մասին, կրքերը, քանի օր էր, չէին հանդարտվում։
Բողոքող բնակիչներն իրենց պահանջը հիմնավորում են նրանով, որ Ռ. Անդրեասյանը պաշտոնում թույլ է տվել բազմաթիվ չարաշահումներ, որոնցից առավել աչքի ընկնողն այն է, որ համայնքապետն իր ընտանիքի հետ միասին տիրապետում է գյուղի վարձակալական հողերի մեծ մասին։
Սակայն Ուրցաձորի համայնքապետն իր դեմ ուղղված մեղադրանքները չի ընդունում, դրանք համարում է հերյուրանք՝ նշելով, որ համայնքի ղեկավարի իր նախընտրական ծրագիրը կատարել է ոչ թե՝ 100, այլ՝ 150 տոկոսով, և ամաչելու բան չունի։
Ըստ նրա՝ խոսակցությունները, թե ինքը տիրապետում է վարձակալական հողերի մեծ մասին, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ հողերի օտարումը տեղի է ունեցել օրենքի տառին համապատասխան, և դրա հրապարակայնությունն ապահովվել է։
«1999 թվականին ընտրվել եմ համայնքի ղեկավարի պաշտոնում, նախկին ղեկավարը եղել է ՀՀԿ-ական, որին հաղթել եմ։ Դրանից հետո կրկին վերընտրվել եմ և բոլոր ընտրություններում հաղթող եմ դուրս եկել՝ բարձր ձայներ հավաքելով։ Ինքս կուսակցական չեմ և երբևէ իմ համայնքից որևէ մեկին չեմ ասել՝ գնա ու կուսակցական դարձիր, ավելին՝ կոչ եմ արել զերծ մնալ կուսակցական պատկանելությունից։ Ես առաջնորդվել եմ «Իմ կուսակցությունը իմ համայնքն է» նշանաբանով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իր դեմ ընթացող բողոքի ակցիաների մասին՝ նշեց Ուրցաձորի համայնքապետը։
Նրա խոսքով՝ իր դեմ բողոքի ակցիաները սկսվել են նրանից, որ ուրցաձորցի Մանուկ Մանուկյանը հայտարարել է, թե համայնքի ղեկավարը չարաշահումներ է թույլ տվել։
«Մանուկ Մանուկյանը նախկինում աշխատել է «Վայրի բնության և պահպանության հիմնադրամում», որի տնօրենի հետ ներքին խնդիրներ ունի, այդ պատճառով էլ եկել էր ինձ մոտ, որպեսզի միջնորդեմ։ Նրան հորդորեցի՝ իր խնդիրներն անձամբ լուծի տնօրենի հետ։ Մանուկ Մանուկյանն իմ 15 տարիների մտերիմն է եղել, իմ տուն է եկել և միշտ լավ վերաբերմունքի արժանացել։ Մինչև այսօր այդ մարդն իր մատնանշած չարաշահումները չէ՞ր տեսել, բայց տեսավ այն ժամանակ, երբ շանտաժով ինձ մոտեցավ ու պայման դրեց, որ կա՛մ կանգնեմ իր, կա՛մ Խաչատրյան Ռուբենի՝ իր տնօրենի կողքին։ Մանուկյանին աշխատանքից հեռացրել են, և նա փորձում է շանտաժով և մի քանի հոգու աջակցությամբ դառնալ համայնքի ղեկավար»,- ասաց Ռ. Անդրեասյանը։
Ուրցաձորի համայնքապետը տեղեկացրեց նաև, որ իր դեմ Մանուկ Մանուկյանը ստորագրահավաք է սկսել, որին միացել են միայն համայնքի 64 բնակիչներ, այդ թվում՝ անչափահասներ։
Դիտարկմանը, թե արդյո՞ք բողոքների այս ճնշման տակ հրաժարական կտա, Ռաֆիկ Անդրեասյանը նկատեց, որ համայնքապետ ընտրվելուց Սահմանադրություն չի խախտել և հրաժարական կտա միայն այն դեպքում, եթե տեսնի, որ համայնքի բնակիչների գոնե 40 տոկոսը դեմ է իր պաշտոնավարմանը։
«Իմ թիմակիցներն ինձ ասում են, որ հրաժարական տամ՝ իմ տան պատերին ու անցած ճանապարհին կգրեն «դավաճան», այս պայմաններում կարո՞ղ եմ հրաժարական տալ, ինչո՞ւ հրաժարական տամ, երբ համայնքում մեծ աշխատանք եմ կատարել»,- ընդգծեց Ռ. Անդրեասյանը և տեղեկացրեց, որ առաջիկայում դատական հայց կներկայացնի իրեն զրպարտողների դեմ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Զվարթ Խաչատրյան