Պետական իշխանության մարմինների աշխատողների թիվը կավելանա. ամենաշատ աշխատող ունեցող 10 կառույցները
Վերջին ամիսներին շատ է խոսվում այն մասին, որ ուռճացված պետական համակարգում անհրաժեշտ է կատարել խիստ օպտիմալացում։ Դա նաև պետք է հնարավորություն տա որոշ չափով լուծել ցածր աշխատավարձերի խնդիրը՝ տնտեսված միջոցներն ուղղելով մնացած աշխատողների վարձատրության ավելացմանը։
Սակայն ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով պետական իշխանության մարմինների աշխատողների թվի կրճատում ոչ միայն նախատեսված չէ, այլ հակառակը՝ որոշակի ավելացում կա։
Այսպես, 2019 թվականին, ըստ բյուջեի նախագծի, պետական իշխանության մարմինների աշխատակիցների թիվը կկազմի 17 665, որը 21-ով ավելի շատ է 2018 թվականի պետական բյուջեով հաստատված թվից։ Միևնույն ժամանակ, պետական համակարգի աշխատողների աշխատավարձերին ուղղված միջոցների չափը չի փոխվում, այսինքն՝ պետական հատվածում աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։
Նշենք նաև, որ ամենամեծ թվով աշխատողներ ունի Պետական եկամուտների կոմիտեն՝ 2769։ Ստորև նշված են 2019 թվականին ամենից շատ աշխատակիցներ ունեցող պետական կառույցները։
1. ՊԵԿ՝ 2769 (2018 թվականին՝ նույնքան)
2. ՀՀ դատական դեպարտամենտ՝ 2267 (2018 թվականին՝ նույնքան)
3. ՀՀ քննչական կոմիտե՝ 1038 (2018 թվականին՝ 1035)
4. ՀՀ Ազգային ժողով՝ 732 (2018 թվականին՝ նույնքան)
5. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 700 (2018 թվականին՝ նույնքան)
6. ՀՀ դատախազություն՝ 653 (2018 թվականին՝ 629)
7. Սոցիալական ապահովության ծառայություն՝ 623 (2018 թվականին՝ նույնքան)
8. ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ 580 (2018 թվականին՝ 600)
9. ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 528 (2018 թվականին՝ 548)
10. ՀՀ վիճակագրական կոմիտե՝ 342 (2018 թվականին՝ նույնքան)