«Յուքոմի» պատասխանը՝ իրեն խաբված համարող հաճախորդին
Օրեր առաջ 168.am-ն անդրադարձել էր մեր խմբագրություն ահազանգած կապանցի Փառանձեմ Հովհաննիսյանի խնդրին՝ կապված «Յուքոմ» ընկերության գործունեության հետ։
Քաղաքացին ակցիայով հեռախոս էր գնել և հետո պարզել, որ այն անսարք է, իսկ ընկերությունը հրաժարվել էր հետ վերցնել իր ապրանքն ու առաջարկել էր այն վերանորոգել։
Մենք դիմել էինք «Յուքոմ» ընկերություն՝ պարզաբանում ստանալու համար, թե ի՞նչ դիրքորոշում ունի ընկերությունն այս խնդրի վերաբերյալ, ինչո՞ւ է ընկերությունը հրաժարվում սարքը ետ վերցնել, ինչին պարտավորեցնում է օրենքը. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենք, 16-րդ հոդված. «ե) առուվաճառքի պայմանագրի լուծում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը: Սպառողն իրավունք ունի պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Վնասները հատուցվում են սպառողի համապատասխան պահանջների բավարարման համար սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով սահմանված ժամկետներում»:
Ընկերությունից մեզ պատասխանել են.
«Տեղեկացնում ենք Ձեզ, որ Դուք ճիշտ չեք մեկնաբանում Ձեր կողմից վկայակոչված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը․
Հոդվածում մասնավորապես նշված է՝
1. Սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել`
ա) ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում,
բ) գնման գնի համաչափ իջեցում,
գ) նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում,
դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով,
ե) առուվաճառքի պայմանագրի լուծում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը: Սպառողն իրավունք ունի պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Վնասները հատուցվում են սպառողի համապատասխան պահանջների բավարարման համար սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով սահմանված ժամկետներում:
Տեխնիկապես բարդ ապրանքների նկատմամբ սպառողի` սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված պահանջները ենթակա են բավարարման` ապրանքում էական խախտումների հայտնաբերման դեպքում: Այդպիսի ապրանքների անվանացանկը հաստատում է ՀՀ կառավարությունը:
2002 թվականի փետրվարի 18-ին N 140 որոշմամբ կառավարությունը սահմանել է, որ Հեռախոսային և ֆաքսիմիլային ապարատները ներառված են Տեխնիկապես բարդ ապրանքների անվանացանկում:
Այսինքն՝ Փառանձեմ Հովհաննիսյանը (այսուհետ՝ Հաճախորդ) կարող է, հղում անելով վերոնշյալ 16-րդ հոդվածի «ե» կետին, պահանջել առուվաճառքի պայմանագրի լուծում, եթե նրա կողմից ձեռք բերված հեռախոսի որակի էական խախտումներ հայտնաբերվեն։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հաճախորդը հեռախոսը ներկայացնի «Յուքոմ» ընկերության այն վաճառքի և սպասարկման կենտրոն, որտեղից դա ձեռք է բերել:
Ըստ ամենայնի, հեռախոսը պետք է ուղարկել փորձաքննության՝ հասկանալու համար՝ այն ունի՞ որակի էական խախտում, թե՞ ոչ, և եթե՝ այո, ապա այդ թերություններն առաջացել են ապրանքը սպառողին հանձնելուց հետո նրա կողմից օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, կամ երրորդ անձանց գործողությունների, կամ անհաղթահարելի ուժի հետևանքով, թե մինչև Փառանձեմ Հովհաննիսյանին հանձնելը:
Եթե օրենքով սահմանված ողջ գործընթացն ավարտվելուց հետո պարզվի, որ Հաճախորդին վաճառված հեռախոսի որակի էական խախտումներ կան, «Յուքոմ» ընկերությունը, առանց որևէ խնդիր ստեղծելու, հետ կվերցնի այն՝ վերադարձնելով կանխիկ վճարված ողջ գումարը:
Հայտնում ենք նաև, որ «ՅՈՒՔՈՄ» ընկերությունը, ղեկավարվելով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, պատրաստ է այն ողջ ընթացքում, երբ հեռախոսը կգտնվի փորձաքննությունում, Հաճախորդին օգտագործման իրավունքով անհատույց տրամադրել նմանօրինակ մեկ այլ հեռախոս, ինչն արդեն իրականացրել է»: