Բաժիններ՝

Վարորդները հուսով են, որ նոր կառավարությունը կչեղարկի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի որոշումը

2017թ. ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան։ Այս որոշման պատճառը բացատրվեց նրանով, որ ճանապարհային վթարները հիմնականում տեղի են ունենում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ և դրանց առկայությունն ավելացնում է վթարների քանակը։

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանի խոսքով՝ վիճակագրություն էր ներկայացվում, թե ճանապարհային վթարների 30 տոկոսը աջ ղեկով մեքենաների պատճառով է տեղի ունենում։

«Մենք հարցում ենք կատարել պետական մարմիններ, վերջերս ստացել ենք պատասխան և դիմել ենք ՀՀ վարչապետին, և այսօր խնդիրը գտնվում է ուսումնասիրության փուլում։ Կառավարությունից մեր դիմումը վերահասցեագրվել է Պետական եկամուտների կոմիտեին, ոստիկանությանը և ՀՀ տրանսպորտի նախարարություն։ Այդ բոլոր թվերը՝ կապված վթարների հետ, կեղծ են։ Հասարակությունը լավ գիտի, որ աջ ղեկով մեքենաների վարորդներն ավելի զգույշ են վարում և ավելի քիչ են դառնում վթարների պատճառ»,- ասաց Խ. Մարոզյանը։

Ըստ նրա՝ կառավարության նման որոշման վրա մեծ ազդեցություն են ունեցել «դիլերները», որոնք կայացած կազմակերպություններ են, ներկրում են եվրոպական և ամերիկյան թանկարժեք մեքենաներ։ Վերջիններս կարողացել են կառավարության վրա ներգործություն ունենալ և հասնել նրան, որ կառավարությունն ընդունի նման որոշում։
Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ տարվանից խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ լիցենզիա պետք է տրվեր ինչ-որ կազմակերպության, որը պետք է զբաղվեր աջ ղեկերի ապամոնտաժմամբ և մեքենաների վերասարքավորմամբ, սակայն վարորդները բողոքել են, և նման բան տեղի չի ունեցել։

168.am-ի հարցին՝ իրատեսակա՞ն են համարում, որ նոր կառավարությունն աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը կչեղարկի, Խաչատուր Մարոզյանը պատասխանեց՝ իրատեսական է համարում, այս անգամ լուրջ պատճառաբանված ուսումնասիրություններ պետք է կատարվեն, և ենթադրում են, որ կկայացվի դրական որոշում։
«Ջափն» ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Վաչագան Մինասյանի խոսքով՝ յուրաքանչյուր ամիս մոտ 15 հազար մեքենա է ներկրվում Ռուսաստան և չի գործում որևէ արգելք աջ ղեկով մեքենաների նկատմամբ։

«Հայաստանում, հասկանալով, որ իրավիճակ է փոխվել, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության ընդունած որոշումը ժամանակավոր բնույթ է կրում, շատերը գնել են մեքենաները և սպասում են այն ներկրել Հայաստան։ Միայն մեր ընկերության տվյալներով՝ 5-6 հազար մեքենա ներկրվելու է Վրաստան և դրանց աջ ղեկը տեղափոխվելու է ձախ կողմ։ Այս գործընթացն իրականացվում է շատ արագ, երբեմն անորակ, ինչը վտանգավոր է։ Ժամանակ է հատկացվում, որ ղեկը տեղափոխեն երկու ամսում, եթե տվյալ ժամանակահատվածում չի տեղափոխվում, յուրաքանչյուր ամիս մեքենայի սեփականատերը ենթարկվում է 10 հազար դրամ տուգանքի, որը նա վճարում է Վրաստանում։ Նման դեպքեր էլ ունենք, երբ մարդիկ արդեն տուգանվել է 1000 լարիով, սա էլ այն դեպքում, երբ տվյալ գումարը կարելի էր մուտքագրել մեր պետբյուջե»,- շեշտեց Վ. Մինասյանը։

Ավտովարորդների իրավունքների պաշտպան Արտյոմ Դավթյանն էլ փաստեց, որ 2020 թվականին Հայաստանը մտնելու է ԵԱՏՄ ընդհանուր միություն, և մեքենաների ներկրում՝ կլինի աջ թե ձախ ղեկերով, լինելու է, քանի որ սա միության ընդհանուր ստանդարտներից է։
«ԵԱՏՄ մտնելուց մեզ տրված էր հինգ տարի ժամանակ, որպեսզի մենք հարմարվեինք միության ստանդարտներին, սակայն կառավարությունն արգելք հանդիսացավ և հինգ տարին սարքեց երեք տարի, և արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Ա. Դավթյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս