«Այդքան անկարո՞ղ են հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում». Լենա Նազարյան

Հարցազրույց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հետ

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայտարարեց, որ Հայաստան վերադառնալուն պես բանակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ մինչև տարեվերջ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Արտախորհրդարանական առանցքային ուժերը հայտարարում են, որ պատրաստ են, խորհրդարանական ուժերը՝ նույնպես, բացի ՀՀԿ խմբակցությունից: Ի՞նչ եք պատրաստվում անել այս խնդիրը լուծելու համար:

– Բանակցությունները կսկսվեն, և ընթացքում արդեն պարզ կլինեն նոր ընտրությունների ժամկետներն ու մեխանիզմները, որովհետև տարբեր տարբերակներ կան: Իհարկե, ամենացանկալին հարցի լուծումն է բանակցությունների սեղանի շուրջ, որ բոլորը գան համաձայնության: Բոլորովին ցանկալի չէ, որ մարդիկ նորից դուրս գան փողոց, որովհետև դա խաթարում է բնականոն կյանքը, լարվածություն է առաջացնում, դժգոհություններ, բացասական վերաբերմունք դիմադրողների հանդեպ, մասնավորապես՝ ՀՀԿ ակտիվ ներկայացուցիչների: Դրանից խուսափելու համար շատ կարևոր է, որ բոլորը նստեն սեղանի շուրջ և, ի վերջո, հաշվի առնեն շատ ակնառու հանգամանքներ ու փաստեր, հատկապես՝ ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ կա ակնհայտ խզում հանրության և ԱԺ-ի միջև:

Ուղղակի աբսուրդ է, որ հեղափոխական ուժն ավագանիում ստանալով 80% վստահություն և 65-ից 57 տեղ, ԱԺ-ում ունի ընդամենը 5 պատգամավոր, միևնույն ժամանակ՝ մի ուրիշ քաղաքական ուժ՝ «Ծառուկյան» դաշինքն ունի 31 պատգամավոր, բայց ավագանիում՝ ընդամենը 7%: Եվ պետք է հաշվի առնել, որ ավագանին ձևավորվեց ազատ, արդար պայմաններում, և դա ընդունեցին բոլորը՝ ՀՅԴ-ն, Ժառանգությունը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, և ՀՀԿ-ն ոչինչ չկարողացավ ասել, իսկ խորհրդարանը ձևավորվել է  ընտրակեղծիքներով, ընտրակաշառքներով, և դրա հետ կապված քրեական գործեր են հարուցված:

Օրինակ՝ «Զիբիլիքսի» գործով 11 անձ է անցնում, գործը դատարանում է, թեև ես գտնում եմ, որ դա իրականացնողները երկրորդական դեր ունեն, շատ ավելի կարևոր է հայտնաբերել քաղաքական պատվիրատուին, ով խաթարել է հանրային համերաշխությունը և ընտրությունների օրինականությունը:

Հուսով եմ՝ դրան էլ մի օր կհասնենք: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ԱԺ-ն այսօր չի արտահայտում քաղաքացիների տրամադրությունները, կողմնորոշումները և պետք է լուծարվի:

Չի կարող այսպես շարունակվել, ու եթե դա չեն հասկանում, ընդամենը վնասարար գործունեությամբ են զբաղված և լարվածություն ու դժգոհություն են իրենց հանդեպ առաջացնում: Ես միշտ զարմացել եմ, թե ինչո՞ւ են իրենք այդ գործելաոճն ընտրել, որովհետև, ի վերջո, պետք է հասկանալ, որ մարդիկ ունեցել են դժգոհություններ, որ դուրս են եկել փողոց, և գոնե ափսոսանք հայտնեն սխալների համար, կամ այդքան հանդուգն չհակադարձեն:

– Ասում են՝ Ն.Փաշինյանը կարող է աշխատել, բարեփոխումներ իրականացնել, ՀՀԿ-ն չի խանգարում: Հնարավո՞ր է երկրի զարգացում ապահովել, եթե օրենսդիր մարմնում գործադիրը չունի մեծամասնություն:

– Կարծում եմ՝ ոչ, որովհետև աշխատանքն արդյունավետ չի լինելու, դանդաղելու է, իրենք ցանկացած պահի կարող են խոչընդոտել ցանկացած նախագիծ, և պարբերաբար ճգնաժամեր են առաջանալու: Հաջորդը՝ շատ կարևոր է, որ լինի քաղաքական կայունություն, որովհետև ներդրողների, հատկապես՝ արտերկրյա գործարարների համար, կարևոր է վստահ լինել, որ չեն լինելու քաղաքական ցնցումներ, իսկ դրա երաշխիքն ազատ, արդար ընտրությունների պայմաններում ընտրված իշխանությունն է, որը հստակ տնտեսական քաղաքականություն կվարի, և ներդրողներն իրենց ապահով կզգան ներդրումներ անելու համար:

Ինչո՞վ է ՀՀԿ-ն խանգարում. մենք ունենք տեղեկություններ, որ, օրինակ, Արփինե Հովհաննիսյանը ԵԽ ԽՎ-ում անընդհատ խեղաթյուրված և բացասական տեղեկություններ է ներկայացնում ՀՀ-ում տեղի ունեցածի վերաբերյալ, և այդ վարկաբեկումը միջազգային հարթակներում ՀՀ-ի համար բոլորովին լավ պայմաններ չի ստեղծում ներդրումների, տարբեր համագործակցությունների համար:

Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է, նման կարգավիճակ ունենալով, վնասարար գործունեությամբ զբաղվել: Մենք ինչպե՞ս կարող ենք հանգիստ աշխատել, եթե նրանք զբաղված են նման գործունեությամբ:

– Այնուամենայնիվ, եթե ՀՀԿ-ն չհամաձայնի, բախումներից հնարավոր կլինի՞ խուսափել:

– Իհարկե, ինչպես նախկինում ենք խուսափել, հեղափոխությունը խաղաղ ընթացք ունեցավ, առանց մեկ կրակոցի, առանց հասարակական անկարգությունների տեղի ունեցավ, նաև հեղափոխության առաջնորդների անդադար կոչերի շնորհիվ, որ մեր ընթացքը խաղաղ է, առանցքային նշանակություն ունեցավ բաց ձեռքերի քաղաքականությունը, բնականաբար, նույն տրամաբանությամբ էլ շարունակելու ենք գործել, թույլ չենք տալու որևէ բախում:

Ամենաշատը, որ կարող է տեղի ունենալ, մարդիկ պարզապես դուրս գան փողոց, և դա իրենց իրավունքն է, բայց դա վերջին փուլը կլինի, ճարահատյալ: Իսկ ինչո՞ւ պետք է մենք մեր քաղաքացիներին հասցնենք այդ աստիճանի:

Ինչի՞ համար է քաղաքականությունը, եթե քաղաքական ուժերը չպետք է հաշվի առնեն մարդկանց տրամադրությունները, կամքը: Ինչո՞ւ պիտի ժողովուրդն անընդհատ թողնի իր գործն ու դուրս գա փողոց: Այդքան անկարո՞ղ են իրենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում:

– Շատ է քննարկվում այն հարցը, որ Հայաստանին միակուսակցական ապագա է կրկին սպասվում: Սակայն ԱԺ-ում, ըստ Ընտրական օրենսգրքի, առնվազն 30% պետք է ընդդիմություն լինի: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

– Այո, այդ մտահոգությունները կան: Առհասարակ հեղափոխության առանձնահատկությունն է այդպիսին, որ երբ քաղաքական ուժը հեղափոխական ալիքով է գալիս, ընդդիմադիր ուժերը սատարում են, ամբողջ հանրությունն է աջակցում, և արդյունքում ստացվում է, որ շատ բարձր վստահության քվե է ստանում: Եվ շատ դժվար է այս պարագայում լինել ընդդիմություն, որովհետև ի՞նչը քննադատես, քննադատելու բան առանձնապես չկա:

– Բայց լավ իշխանություն լինելու համար լավ ընդդիմություն է պետք:

– Լավ իշխանություն լինելու համար նախ քաղաքական կամք է պետք, և դա կա, դրա վկայությունն են ազատ, արդար ընտրությունները, որ շատ կարևոր ձեռքբերում է մեզ համար, մարդկանց ինքնագնահատականն է բարձրանում, վստահությունը: Լավ իշխանություն լինելու բոլոր նախապայմաններն այս կառավարությունն ունի:

Ընդդիմության հարցն ինչպե՞ս է եղել նախկինում՝ իշխանությունը բուծել է իր ընդդիմությունը, թույլ է տվել այսքան ընտրակաշառք բաժանել այս-այս ընտրատարածքներում, ինչ-որ հարցեր քննադատել, ինչ-որ քվեարկությունների այսպես վարվել, և այլն, բայց որոշ անուններ արգելվել է հնչեցնել: Դա անընդունելի պրակտիկա և քաղաքական կոռուպցիա է, իսկ այս հեղափոխության նպատակը կոռումպացված քաղաքական ու տնտեսական համակարգերի կազմալուծումն է: Այս հեղափոխությունը մի անձի դեմ չէր, մի անձի համար չէր:

Բնականաբար, մենք չենք գնալու այն ճանապարհով, որ ընտրենք ընդդիմություն, դաշտն ազատ ենք թողնելու, որ ազատ, արդար ընտրությունների միջոցով մարդիկ ինքնակազմակերպվեն քաղաքական միավորումների մեջ, գուցե նոր ուժեր ձևավորվեն:

Կարծում եմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, հետզհետե նոր ուժեր կձևավորվեն, խոսելու տարբեր թեմաներ էլ կլինեն նրանց համար: Իսկ այս ընթացքում ամբողջ ժողովուրդն է շատ ուշադիր հետևելու զարգացումներին, քանի որ պահանջատեր է, վերջապես գտել է մեկին, ումից կարող է պահանջել, ումից կարող է ստանալ իր ուզածը, ու մանդատն էլ, վստահության քվեն դրա համար է տալիս: Այս պարագայում, կարծում եմ՝ ամենամեծ վերահսկողը լինելու է քաղաքացիական հասարակությունը, որովհետև անընդհատ պահանջելու է արագ ու արդյունավետ փոփոխություններ:

Ընդդիմություն ասելով՝ ես հասկանում եմ դասական իմաստով քաղաքական այն ուժը, որն ուզում է գալ իշխանության: Իսկ քաղաքացիական հասարակությունն ավելի վերահսկողի, օգնողի դերում է, և կարծում եմ, մի որոշ ժամանակաշրջան մենք այս պայմաններում պետք է աշխատենք, մինչև ամեն ինչ իր հունի մեջ մտնի: Բայց շատ կարևոր է, որ կառավարող ուժը ստեղծի հնարավորություն, որ դասական իմաստով կուսակցություններ ստեղծվեն գաղափարական հենքի վրա, ոչ թե որոշակի ռեսուրսների, և կարողանան հարթել իրենց ճանապարհը քաղաքական դաշտում, լինեն ընդդիմություն և ապագայում հաղթեն մեզ ընտրություններում:

Տեսանյութեր

Լրահոս