Ինչո՞ւ էր իրականում աշխատանքից ազատվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը

«Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանն ու գրանցվել կադրերի ռեզերվում»,-  օգոստոսի 24-ին այս տարվա հունիսի 22-ից Երևանի ոստիկանապետ նշանակված Արտակ Պողոսյանի՝ աշխատանքից ազատման վերաբերյալ հարցին լրատվամիջոցների հարցին ի պատասխան՝ փոխանցել էին ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Թե ի՞նչն էր գնդապետ Պողոսյանի՝ աշխատանքից ազատման պատճառը, իրավապահ գերատեսչությունից  չմեկնաբանեց՝ նշելով միայն, որ «Ոստիկանությունում կադրային փոփոխություններ հաճախ են լինում, այլ մեկնաբանություններ չկան»։

Այս լուրն իսկապես առնվազն տարօրինակ էր, հատկապես, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ինքն էլ ավելի խճճեց իրավիճակը՝ Արտակ Պողոսյանի պաշտոնանկությունը բացատրելով այսպես.

«Այո, Երևանի ոստիկանապետը նոր էր նշանակվել, ինքը վատ աշխատակից չէ, մեր համակարգի պրոֆեսիոնալ աշխատակիցներից մեկն է, բայց կադրային փոփոխությունները համակարգում միշտ էլ եղել են և կլինեն… Միգուցե բացթողումներ կան այնտեղ: Չենք բացառում, որ նա անցնի մեկ այլ աշխատանքի»։

Թե ի՞նչ բացթողումների մասին էր խոսքը, այդպես էլ չմեկնաբանվեց, և թե Երևան քաղաքի ոստիկանապետի առանցքային պաշտոնը զբաղեցնող Արտակ Պողոսյանը իր կարճաժամկետ՝ մոտ երեքամսյա պաշտոնավարման ընթացքում ինչո՞վ էր հարուցել ղեկավարության դժգոհությունը, մնաց անհասկանալի։

Բանից պարզվում է, որ Երևանի Կենտրոն համայնքում տեղակայված ժամանցի կենտրոններից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունենում, որի գործող անձանցից մեկը նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ հանրության շրջանում հայտնի Վովայի Արշակի որդին է լինում։

Ըստ Ոստիկանությունում շրջող լուրերի՝ այդ միջադեպին ականատես են լինում նույն բակում ապրող վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ծնողները, և լուրը  Աղաջանյան-Փաշինյան-Օսիպյան շղթայով հասնում է Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանին, որին էլ հրահանգվում է անմիջապես բերման ենթարկել ու ձերբակալել Վովայի Արշակի որդուն, ինչը և արվում է։

Բայց քանի որ որևէ կողմից ներկայացված բողոք, արձանագրված մարմնական վնասվածքներ չեն լինում, այսինքն՝ բողոքներ չեն լինում, քրեական գործ չի հարուցվում ոստիկանապետի նախկին թիկնազորի պետի որդուն ազատ են արձակում, ինչն էլ հարուցում է բարձրագույն ղեկավարության զայրույթը։

Եվ այս պարագայում բնական է, որ վերադասի կարգադրությունը մինչև վերջ չկատարած Երևանի ոստիկանապետը պետք է հրաժեշտ տար պաշտոնին։

Մնում է հասկանալ, թե, այնուամենայնիվ, սա բացթողո՞ւմ էր, ծառայողական պարտականությունների վերազանցո՞ւմ, թե՞ ամեն դեպքում՝ օրենքի տառին համապատասխան իրավիճակային որոշում կայացնելու համար սահմանված խիստ պատիժ։

Տեսանյութեր

Լրահոս