Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը. Լրագրողական կազմակերպությունները՝ Yerevan.today-ում խուզարկության մասին
Մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ կապված «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկության հետ։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սեպտեմբերի 17-ին «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունից հետո անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս հիմնավորումներ չեն ներկայացրել հանրությանն այդ կոշտ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունել ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 17-ի և 19-ի պաշտոնական պարզաբանումներն առ այն, որ «…խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է` ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը…»։ Թեև խոսքը վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված այնպիսի կարևոր գործի հետաքննությանը, ինչպիսին ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումն է, այնուամենայնիվ, պաշտոնական պարզաբանումը կարելի է ընկալել միայն որպես հավաստիացում, որը պետք է ամրապնդվի ծանրակշիռ փաստերով և հիմնավորումներով։ Քանի դեռ դրանք չկան, մենք հայտարարում ենք, որ.
Լրատվամիջոցի նկատմամբ գործողություն իրականացնելիս իրավապհները պարտավոր են ավելի նրբանկատ լինել
– Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնելիս իրավապահ մարմինները պարտավոր են առավել նրբանկատություն դրսևորել և հաշվի առնել, որ սարքավորումներ առգրավելը և օրեր շարունակ պահելը խափանում է ԶԼՄ-ի աշխատանքը և սահմանափակում է լսարանի՝ տեղեկություններ ստանալու իրավունքը,
– Իրականացված խուզարկության համար հիմք կարող էին ծառայել միայն համապատասխան օպերատիվ տեղեկությունները, բայց ոչ՝ լրատվամիջոցի հրապարակումները,
– Այդ գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը և սպառնալ տեղեկատվության աղբյուրների պաշտպանվածությանը,
– Չի կարելի անտեսել խուզարկության՝ լրատվամիջոցի համբավի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, ինչպես նաև լրատվական դաշտում ավելորդ զգուշավորություն առաջացնելու վտանգը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.
– Քննչական կոմիտեից՝ փորձաքննության ավարտից անմիջապես հետո հրապարակել դրա հիմնական արդյունքները, ինչից պարզ կդառնա, թե որքանով էին ՀՀ ոստիկանության և ՀՔԾ-ի գործողություններն անհրաժեշտ և համաչափ,
– Ոստիկանությունից և ՀՔԾ-ից՝ հնարավորինս շուտ խմբագրությանը վերադարձնել համակարգիչը և հիշողության կրիչները, քանի որ, կարծում ենք, պրոֆեսիոնալ գործողությունների պարագայում իրավապահները կարող էին 3 օրվա ընթացքում ավարտել «Yerevan.today»-ի հետ կապված փաստերի ու հանգամանքների ուսումնասիրությունը,
– Դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն սահմանել ոստիկանության և քննչական մարմինների գործողությունների նկատմամբ՝ կապված «Yerevan.today»-ում իրականացված խուզարկության հետ՝ քննության առարկա դարձնելով նաև այդ լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մատնանշած խախտումները։
Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել նախաքննության ընթացքին ու իրադարձությունների զարգացումներին և մեր դիրքորոշումն ու գնահատականները հայտնել հանրությանը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
«Իրավունքի ուժ» ՀԿ
«Հանրային օրականգ» ՀԿ»