
«Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը. ԱԱԾ տնօրեն

«Երևան» հիմնադրամին առնչվող քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՀ խորհրդարանի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ, այս մասին լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել , ընդունել, որ եղել են «որոշակի խախտումներ»:
Արթուր Վանեցյանը նաեւ ասաց, որ գործի քննության արդյունքում պետբյուջե պետք է վերադարձվի շուրջ 1 միլիարդ 800 միլիոն դրամի չափով գումար, ինչի համաձայնությունը «Երևան» հիմնադրամի տնօրենն արդեն տվել է:
Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: