Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն այսօր ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել Երևանում ԵԽ գրասենյակի փոխտնօրեն Լորետա Վիոյուն, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովան, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի խորհրդական Անջեյ Մանցևիչը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի, քննության առանձնահատկություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված քայլերը՝ ընտանեկան բռնության դեպքերի առթիվ իրականացվող քննությունն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև` դրանք կանխելու ուղղությամբ:
Ա.Ղամբարյանը նշել է նաև, որ Քննչական կոմիտեում վարվում է վիճակագրություն՝ ընտանեկան բռնությունների դեպքերի վերաբերյալ, որը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել ընտանեկան բռնությունների տարածվածության աստիճանի, նպաստող պայմանների մասին:
Հանդիպման ընթացքում կարևորվել է հատկապես անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների պատշաճ քննությունը և փաստվել, որ նման դեպքերի քննությունն իրականացվում է անչափահասների գործերով որակավորված քննիչների կողմից:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովան շնորհակալություն է հայտնել՝ խնդիրը հետաքրքիր և համակողմանի ներկայացնելու համար և նշել, որ ընտանեկան բռնությունների հարցի նկատմամբ մոտեցումների և մտածելակերպի դրական փոփոխություն է նկատվում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը։