
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին եւ ամերիկահայ անվանի բժիշկ, պրոդյուսեր, հասարակական գործիչ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին: Նրանք Հայաստան են ժամանել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:
Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորն ընդգծել է, որ խիստ տպավորված է Հայաստան իր առաջին այցից: Նշելով, որ մինչ այս Հայաստանին եւ հայ ժողովրդին ծանոթ է եղել ամերիկահայ համայնքի միջոցով, Ջին Բլոքն ասել է, որ Կալիֆոռնիայի համալսարանում ուսանում, դասավանդում եւ աշխատում են մեծ թվով հայեր:
Հանրապետության նախագահը կարեւորել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի եւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցության զարգացումն ու խորացումը, ինչը երիտասարդության համար կատարելագործվելու նոր հնարավորություններ է ստեղծում: