
Սինձո Աբեն վերընտրվեց Ճապոնիայի կառավարող կուսակցության նախագահ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երրորդ ժամկետով ընտրվել է երկրում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ: Այդ մասին վկայում են կուսակցության կենտրոնակայանում սեպտեմբերի 20-ին կայացած ընտրությունների արդյունքները:
Քվեարկությանը, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում, մասնակցել են 405 խորհրդարանական եւ 405 տարածաշրջանային պատգամավոր: Աբեի թեկնածությունը պաշտպանել է 553 մարդ, նրա միակ մրցակցի՝ պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Սիգերա Իսիբայի օգտին քվեարկել է 254 պատգամավոր:
Այսպիսով, Աբեն հնարավորություն Է ստանում երկրի կառավարությունը գլխավորել ընդհուպ մինչեւ 2021 թվականը, եթե կուսակցությունը շարունակի իշխանության գլուխ մնալ:
Ինչպես նշում են ճապոնական ԶԼՄ-ները, հոկտեմբերին Աբեն մտադիր է վերադասավորումներ կատարել կառավարությունում եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության մեջ: Ընտրություններից առաջ վարչապետը հայտարարել է, որ հաղթելու դեպքում պլանավորում է անմիջականորեն զբաղվել բարեփոխումներով, որպեսզի «կառուցեն նոր Ճապոնիա», հաղորդել է ՏԱՍՍ-ը: