«Ինչո՞ւ է պարոն Փաշինյանն այդքան անհանգստացած, եթե քաղաքական գործոն, ի դեմս Ռ.Քոչարյանի, չկա». Ռոբերտ Քոչարյանը հակադարձում է Նիկոլ  Փաշինյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» պարբերականին, որտեղ անդրադարձել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակին:

– Ինչպիսի՞ն եք դուք տեսնում Ձեր դերը։ Դուք ուզում եք ուրիշներին, ձեր տեսանկյունից առավել արժանիներին առաջ տանող լոկոմոտի՞վ լինել, թե՞ հավակնում եք պետության մեջ կատարվող գործընթացները ղեկավարելուն։

– Սկզբունքորեն այս տարբերակներից  ցանկացածը հնարավոր է։ Բայց ի՞նչ եմ ես արդեն արել։ Ես քարացած հասարակությանը ցույց եմ տվել, որ պետք չէ ոչնչից վախենալ, պետք է արտահայտել սեփական տեսակետը, պետք է պայքարել այդ տեսակետի համար։ Այս առումով ես արդեն ինչ-որ բանի հասել եմ։ Հայաստանում այժմ մթնոլորտն այնպիսին չէ, ինչ 2 ամիս առաջ։

– Եվ ինչպիսի՞ մթնոլորտ է։

– Եղե՞լ, թե՞ հիմա։

– Այժմ։ Թե ինչպիսին է եղել, ես տեսել եմ. եղել է էյֆորիա, ուրախություն։

Նախ վերջապես պետք է սկսել աշխատել, մտածել տնտեսության մասին, աշխատատեղեր ստեղծել, մտածել երկրի անվտանգության մասին։ Ես տեսնում եմ, որ այժմ իրեն բոլորովին այլ կերպ է պահում մամուլը, այժմ զանազան տեսակետներ են հնչում տեղի ունեցողի առթիվ։ 1.5-2 ամիս առաջ բոլորովին այլ իրավիճակ էր. Էյֆորիա՝ հասարակության մի հատվածի մոտ, ու քարացած վիճակ՝ այն հատվածի մոտ, ով վեր է լուծում, մտածում է, հասկանում է այդ տրենդների ու գործողությունների հետևանքները։ Այժմ հասարակության այդ հատվածը խոսում է, և ես կարծում եմ, որ դա կշարունակվի։ Այս առումով, ես կարծում եմ, էական դեր խաղաց իմ դիրքորոշումը։ Սա նույնպես փաստ է։

«Սա պոտենցիալ պատերազմ է, որը կարող է բռնկվել ցանկացած պահի»

– Դուք ասել և ասում եք, որ առաջացել է պետականությանը, պետական ինստիտուտներին ու նույնիսկ անվտանգությանը սպառնացող վտանգ։ Ինչո՞ւմ է դա արտահայտվում։

– Մենք ապրում ենք բարդ, պայթյունավտանգ տարածաշրջանում։ Մենք 4 հարևաններ ունենք, որոնցից 2-ի հետ սահմանները փակ են։ Մեկի հետ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, ու կա պատմական խնդիրների ու փոխադարձ անընդունելիության մեծ բեռ։ Մյուս կողմից՝ մենք գտնվում ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում։ Բայց դա պոտենցիալ պատերազմ է, որը կարող է ցանկացած պահի բռնկվել։ Ցանկացած անզգույշ քայլ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների մեջ երկրի անվտանգությանն ուղղված ուղիղ սպառնալիք է։

– Եկեք պարզ խոսենք։ Դուք նկատի ունեք, որ նոր իշխանությունները արևմտամե՞տ են։

– Հարցն այն չէ, որ նրանք արևմտամետ են։ Ես նույնիսկ չէի խոսի արևմտամետ կամ ռուսամետ ուղղվածությունների մասին։ Պետք է խոսել իրողությունների մասին։ Կա՞ արդյոք հնարավորություն խոսել մեր անվտանգության մասին կոորդինատային այլ համակարգում։ Որքա՞ն է դա իրական։ Եկեք մեզ բոլորիս հայամետ քաղաքական գործիչներ կոչենք, բայց լինելով հայամետ՝ մենք կարող ենք խորապես մոլորվել առաջնահերթություններ ընտրելիս։ Այդ պատճառով էլ ես ձեռնպահ կմնայի «ռուսամետ» կամ «հայամետ» պիտակներից։ Խոսքն այն մասին է, թե ինչպես ենք մենք ընկալում այն կոորդինատային համակարգը, որում գտնվում ենք։ Արդյո՞ք ճիշտ ենք մենք այն ընկալում։ Եղել են բացարձակապես անընդունելի քայլեր, և այժմ փորձում են դրանք ուղղել։ Թե որքան է դա անկեղծ, ցույց կտա ժամանակը։

– Ձեր հարցազրույցներից մեկում ես մի միտք եմ կարդացել, որ ներկայիս իշխանությունները փորձում են երկիրը 180-ով շրջե՞՚լ։ Դուք նկատի ունեիք աշխարհաքաղաքականությո՞ւնը, թե՞ ինչ-որ ուրիշ բան։

– Առաջին հերթին՝ աշխարհաքաղաքականությունը։

– Դեպի ո՞ւր են նրանք ուզում շրջել։ Նիկոլ Փաշինյանը եկավ Մոսկվա Վլադիմիր Պուտինի մոտ ու ասաց, որ Ռուսաստանի հետ հիանալի հարաբերություններ են, ու, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է։

– Նա փորձում է հարթել տպավորությունը, որ թողել է իր առաջին քայլերից հետո ու իր նախորդ ողջ գործունեությունից։

– Հաճախ է լինում, որ քաղաքական գործիչը իշխանության համար պայքարելիս մի բան է ասում, իսկ հետո նրա իշխանությունը սկսում է ինչ-որ կերպ ֆորմատացվել։

– Ահա սա էլ ինձ անհանգստացնում է։ Դա նշանակում է անհետևողականություն, դա նշանակում է, որ որոշակի հանգամանքների դեպքում այն նույն կերպ էլ կարող է վերաֆորմատացվել։ Այդպիսի որակներ քաղաքական գործիչների մոտ հաճախ են հանդիպում, բայց քաղաքական գործչի ու պետական գործչի տարբերությունն  այն է, որ վերջինս որոշումներ կայացնելիս երկար է մտածում, ստրատեգիապես։

– Կարո՞ղ եք նշել շրջադարձի փորձերի նշանները։

– Ինձ համար բացարձակապես անհասկանալի է առաջին դեմքի մակարդակով հայկական կողմի մասնակցությունը Բրյուսելում ընթացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ Նա մասնակցում էր միջանցքներում ինչ-որ սելֆիների համար։

– Վլադիմիր Պուտինը մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովներին, Դմիտրի Մեդվեդևը՝ նույնպես։

– Դրանք ուրիշ ժամանակներ էին։ Ես էլ եմ մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, բայց այն ժամանակ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ավելի շատ ծրագրեր ունեին, քան ՆԱՏՕ-ն ու Հայաստանը։ Չկար այդպիսի հակամարտություն, այլ կար դաշինքի ու Ռուսաստանի միջև փոխգործակցության վեկտոր։ Այն իրավիճակում, երբ անգամ շփումներն են խզված, այդպիսի շեշտված մասնակցությունը որոշակի ազդանշան է։ Դա արվել է չհասկանալու պատճառո՞վ, թե՞ դիտմամբ, ես չգիտեմ։ Բայց դա հարցեր է առաջացնում։ Նրանք, ովքեր համարում են, որ մենք անվտանգության հարցերով գտնվում ենք մի կոորդինատային համակարգում, որը քիչ թե շատ արդյունավետությամբ է ապահովում մեր անվտանգությունը, անհանգստացած են։ Դա բնական անհանգստություն է։

– Կա՞ն արդյոք բաներ, որոնց հարցում Ձեր ու Նիկոլ Փաշինյանի տեսակետները համընկնում են։

– Շատ հարցերի վերաբերյալ նրա դիրքորոշման մասին ես ընդհանրապես տեղյակ չեմ։

– Ինձ թվում էր՝ Ղարաբաղի հարցով Դուք նման կարծիք ունեք։ Նա ասում է, որ զիջումներ չեն լինի Ադրբեջանին, Դուք էլ եք այս կոշտ գծի ջատագովը։

– Ես Ղարաբաղի հարցով շատ երկար եմ բանակցություններ վարել դեռևս Ղարաբաղի նախագահ եղած ժամանակ։ Ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան ցանկացած պատերազմ։ Հարցն այն չէ, որ կանգնես ու կարգախոսներ հնչեցնես, որը գրգռված զանգվածը կընկալի պոպուլիստական առանցքում։ Պետք է պատասխանատու քաղաքականություն վարել, որի դեպքում շփման գծում քիչ կկրակեն, և որի պարագայում դու սկզբունքորեն դիրքերդ չես զիջի։ Խոսքը նուրբ դիվանագիտական պրոֆեսիոնալ աշխատանքի մասին է։ Դա այն թեման չէ, որը պետք է դարձնել միտինգային քննարկումների առարկա։ Ցանկացած անզգուշություն անպայման շփման գծում կրակոցների ինտենսիվությամբ կվերադառնա՝ խրմատներում գտնվող զինվորների կյանքի սպառնալիքով ուղեկցված։ Պետք է պարզապես դրանից հրաժարվել, հատկապես այն մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել ու կյանքում առաջնագծում չեն եղել, ովքեր խուսափել են բանակում ծառայելուց։ Այսօր կառավարության կազմում գրեթե չկան մարդիկ, ովքեր ծառայել են։ Բնականաբար, չի կարելի որևէ բանակցային սկզբունքային դիրք զիջել, բայց կարգավորման խնդիրը պոպուլիստական թեմատիկա դարձնելը ծայրահեղ անպատասխանատու բան է։

-Նիկոլ Փաշինյանը Ձեզ ու Սերժ Սարգսյանին քաղաքական դիակներ անվանեց։ Գարնան իրադարձություններից հետո տպավորություն է ստեղծվել, որ նախկինում իշխանության ղեկին եղածներից և ոչ ոք ոչ մի հնարավորություն չունի։ Ի՞նչը Ձեզ ստիպեց մտածել, որ Դուք կարող եք քաղաքականություն վերադառնալ ու հաջողակ լինել։

– Ինչո՞ւ է պարոն Փաշինյանն այդքան անհանգստացած։ Նրա բոլոր միտինգները կիսով չափ ինձ են նվիրված։ Որտեղի՞ց այդպիսի անհանգստություն, եթե քաղաքական գործոն, ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, չկա։ Ի՞նչ է տեղի ունենում։

– Դուք ունե՞ք պատասխանը։

– Կարծում եմ՝ յուրաքանչյուր սթափ դատող մարդ հասկանում է՝ որն է պատասխանը։ Ինչպես ես ենթադրում են, նրան խիստ անհանգստացնում են իմ նախագահության տարիներին արձանագրված արդյունքները։ Եվ հասարակության նշանակալից մասը հասկանում է , որ ես ի վիճակի եմ դա էլի անել։ Ամենագլխավորն այն չէ, թե ինչ է եղել անցյալում, այլ այն, թե ինչ կարող ես անել ապագայում։ Ի՞նչ ենք մենք ստացել այսօր, հասարակության՝ սպիտակների ու սևերի բաժանում։ Վախեցրինք՝ ինչպես սեփական, այնպես էլ՝ արտասահմանյան ներդրողներին։ Հիմնական սննդամթերքի գների կտրուկ բարձրացում, հասկանալի տնտեսական քաղաքականության իսպառ բացակայություն։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կա այդ նոր կառավարության անդամների մտքում։ Դա նշանակում է՝ անորոշություն, իսկ փողերն այդ անորոշությունից փախչում են։ Դա իմ ժամանակ եղածի լրիվ հակառակ պատկերն է, և ուղիղ հակառակը ժողովրդի՝ ինձ նախագահի դերում տեսնելու պատկերացումների՝ որոշակիության, կանխատեսելիության, կարգուկանոնի, տնտեսական աճի։

– Այս իրավիճակը ստեղծվել է այս տարի, երբ իշխանությունը փոխվեց այն եղանակով, որով մենք բոլորս տեսանք։ Որո՞նք են նախորդ իշխանության սխալները։

– Ես նախագահ եմ եղել ավելի քան 10 տարի առաջ։ Ես պատասխանատու չեմ վերջին 10 տարիների համար։ Կանվանեմ իմ ժամանակի 2 բազային թվերը՝ ՀՆԱ-ի հնգապատիկ աճ ու բյուջեի ութապատիկ ավելացում։ Թե ինչ մենք ունենք հիմա, կտեսնենք։ Վարչապետությունը, երկրի առաջնորդությունը մարաթոն է։ Ծիծաղելի է, երբ մարաթոնյան վազքուղու վազորդը 500 մ վազելուց հետո սկսում է գոռալ, որ ինքն արդեն հաղթել է։ Համբերություն է պետք։ Դա տաժանակիր աշխատանք է։ Վարչապետի աշխատանքը պահանջում է ջանքեր, աշխատասիրություն, ընդհանուր պատկերը տեսնելու կարողություն, շարժման ուղղություն։ Ես շատ ուրախ կլինեի, եթե սխալվեի այս առումով, քանի որ երկիրը դրանից, լավ արդյունքներից միայն կշահի։

– Ես կցանկանայի լսել նախորդ իշխանությունների սխալների Ձեր գնահատականը, որոնք գարնանը հանգեցրին հեղափոխության։

– Ես այդ սխալների մասին խոսել եմ այն ժամանակ, երբ կար այդ իշխանությունը։ Ես բավականաչափ կոշտ եմ արտահայտվել, եղել եմ նրա ամենալուրջ քննադատներից մեկը՝ առանց քաղաքակնության մեջ մասնակցության հայտի։ Բայց տեսել եմ, որ անվտանգության հարցերում այն իշխանությունը բավականին պատրաստված էր, այդ ոլորտում փորձ ուներ ու բավականին ջանքեր էր գործադրում։ Չեմ ուզում կանգ առնել այն բանի վրա, թե նա ինչն այնպես չէր անում։ Շատ հեշտ է քննադատել նրանց, ովքեր արդեն հեռացել են։

Ես քննադատել եմ, երբ նրանք իշխանության ղեկին էին՝ նույնիսկ հաշվի առնելով նախկին նախագահի հետ իմ ունեցած անձնական ընկերական հարաբերությունների հանգամանքը։ Ես անցել եմ այդ հարաբերությունների վրայով այն բանի համար, որ արտահայտվեմ, իմ կարծիքով՝ սխալ կատարվող բաների մասին։ Ինչպե՞ս ես կարող եմ այժմ անտարբեր վերաբերվել նրան, թե ինչ է տեղի ունենում, եթե կարծում եմ, որ անընդունելի բաներ են կատարվում։ Հանգիստ վերաբերվել չեմ կարող։ Եթե ինձ անգամ չձերբակալեին էլ, միևնույն է, ես ինձ ճիշտ նույն կերպ կպահեի։ Կարծում եմ՝ այդ մասին ներկայիս իշխանությունը գիտի։ Կարծում եմ, որ իմ ձերբակալությունը հնարավոր հավանական քաղաքական հակառակորդին մեկուսացնելու փորձ էր։ Իմ բնավորությունը Հայաստանում լավ գիտեն։ Ես երբեք չեմ խաղացել ու չեմ ձևացրել։

 

Տեսանյութեր

Լրահոս