«Գեղջկական ինքնագործունեությանը շատ մոտ է Փաշինյանի քաղաքական վարվելակերպին». Ահարոն Ադիբեկյան
«Ավագանու ընտրություններում չունենք իշխանական թեկնածու այն առումով, որ ընդդիմությունը դարձել է իշխանական, իսկ նախկին իշխանականը չի զբաղեցրել ընդդիմադիր դիրքեր քաղաքական դաշտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Ըստ նրա՝ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, հասկանալով, որ երևանցիները բաժանվում են 4 խմբի, մի մասը չի գնում ընտրությունների, մի մասն իշխանամետ է, մի մասը՝ ընդդիմադիր, ու դրանց արանքում կան տատանվողներ, հասկանում է, որ ընդդիմադիր դաշտը մնում է անտեր. «Այս առումով՝ ՀՀԿ-ի ընտրողները չգիտեն՝ ինչպես վարվել, գնա՞լ, թե՞ ոչ, և եթե գնան, ո՞ւմ ձայն տան։ Եթե ընտրությունները չլինեին քաղաքականացված, խնդիր չէր լինի, բայց քաղաքականացվում է, ընդ որում՝ ամբիցիոզ Փաշինյանը փորձում է հաստատել այն ալիքը, որով եկել է իշխանության, որը դեռ գոյություն ունի և կբերի իր թեկնածուի հաղթանակին։ Ընտրողները բավականին ծանր վիճակում են»։
Երևանի ավագանիում հայտնվելու ամենամեծ շանսերը, ըստ նրա՝ ունեն «Իմ քայլը» և «Լույս» դաշինքները, ԲՀԿ-ն. «Զարուհի Փոստանջյանը նախկինում քննադատական դիրքերից կարողանում էր ձայներ հավաքել, հիմա նույն բանն անում են ուրիշները։ Արթուր Բաղդասարյանի էլեկտորատը չգիտեմ՝ պահպանվե՞լ է, թե՞ ոչ։ Նույնը վերաբերում է ՀՅԴ-ին։ Կանայք ավելի քիչ ձայն կտան կին թեկնածուին, քան տղամարդիկ, դրա համար կին ընտրելն ավելի դժվար է, դրա համար մասնակցող կանանց կուսակցությունները կարող են հենք լինել, բայց կանայք գուցե չկարողանան դա բարձրացնել»։
Սոցիոլոգը նման ցածր մակարդակի քարոզարշավ դեռ չի հանդիպել. «Ման գալ փողոցներով, իր հետևից բերել սեփական ներկայացուցիչներին՝ ցույց տալով, թե բնակչության ներկայացուցիչն է, հին պատմություն է։ Դա նման է գեղջկական ինքնագործունեությանը։ Դա շատ մոտ է Փաշինյանի քաղաքական վարվելակերպին»։
Սոցիոլոգի համար արտառոց է, որ «Ելք» դաշինքը պառակտվել է 2 թեկնածուների միջև: Այստեղից կարելի է հետևություն անել. կամ նրանց համար միևնույն է, թե ով կլինի քաղաքապետ, կամ էլ պայքար կա դաշինքի միջև, թե ով է ավելի ուժեղ:
«Չի բացառվում, որ սրանցից ոչ մեկը չստանա մեծամասնություն, նրանք ստիպված կլինեն ավագանիում նորից միավորվել, որ գոնե կարողանան ընտրել իրենց թեկնածուին։ Բայց խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն, որն ունի ներուժ և ընտրությունների կազմակերպման բավականին փորձառություն, կարող է միջամտել նրանց առուծախին»,- ասաց նա։