«Մինչև ամսի 23-ը պետք է փռեն ասֆալտին կամ պատեպատ տան, դրանից հետո՝ ո՞չ, մենք չենք դիտարկում «до и после» ռեժիմ». Միքայել Մելքումյան
ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը չի պայմանավորում Երևանի ավագանու ընտրություններով։
«Դա պարտադիր չէ, որ կապված լինի Երևանու ավագանու ընտրությունների հետ։ Այսինքն՝ մինչև ամսի 23-ը պետք է փռեն ասֆալտին կամ պատեպատ տան, դրանից հետո՝ ո՞չ։ Մենք չենք դիտարկում «до и после» ռեժիմ։ Կառավարությունն իր գործն անում է, իրեն տեսանելի են՝ պետության, կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի համար ինչ գործիքներ և որ պահին պետք է գործադրի։ Եվ այդ առումով, եթե ինքը գիտի այդ ռիսկերի մասին, իսկ վարչապետը, կարծում եմ, ամենաինֆորմացված մարդը պետք է լինի հանրապետության, ինքն իր գործիքները կիրառում է։
Ընկալումները, անելու ձևը, ոճը այլ հարց է, որ մենք պետք է հասկանանք, և ժամանակ առ ժամանակ հանրությանը ներկայացնեն, թե այս փուլում գործողություններն արվեցին, ինչ արդյունք տվեց»,- ասաց Մ.Մելքումյանը։
Թե այդ ամենը չի՞ ազդում կառավարությունում համատեղ աշխատանքի վրա, Մ.Մելքումյանը նշեց, որ քաղաքական գնահատականներ հնչեցնելը և ընտրական գործընթացի մրցակցային որակներ ցույց տալը չպետք է ազդի, պետք է նաև մրցակից լինես, բայց դա չվերածվի թշնամության.
«Մենք մասնակցում ենք կառավարությանը, ունենք նախարարներ, մարզպետներ, լայն առումով իրականացնում ենք կառավարության գործնեության մի մասը։ Ընտրական գործընթացը ենթադրում է իրեն հարիր մրցակցային որոշակի հարաբերություններ։ Ի՞նչ անենք, թող մի քիչ էլ լարված մթնոլորտ լինի, հետո անցնի նորից։ Դրանով չի փլվի աշխարհը։ Հարթակների կյանքը կարճ է, դրանից հետո կյանքը նորից վերադառնալու է իր հունի մեջ»։