Իսրայելական օդուժը Սիրիայի ՀՕՊ-ի հարվածի տակ է դրել Իլ-20-ը. Մոսկվան համարժեք պատասխան է խոստանում
Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռը Միջերկրական ծովի երկնքում խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, քանի որ ռուսական ինքնաթիռով քողարկվում էին Իսրայելի F-16 կործանիչները: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Քողարկվելով ռուսական ինքնաթիռով՝ իսրայելացի օդաչուներն այն դրել են Սիրիայի ՀՕՊ-ի միջոցների կրակի ներքո: Դրա հետեւանքով Իլ-20-ը խոցվել է Ս-200 համալիրի հրթիռով»,-ասել է գեներալը:
Կոնաշենկովը ճշտել է, որ սեպտեմբերի 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 22:00-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 չորս կործանիչներ կառավարվող ավիառումբերով սիրիական օբյեկտներին հարված են հասցրել Լաթաքիա քաղաքի շրջանում:
Կոնաշենկովը նաեւ նշել է, որ Իսրայելը պլանավորվող գործողության մասին չի նախազգուշացրել Սիրիայում գործող ռուսական զորախմբի հրամանատարությանը: «Թեժ գծով» ծանուցումն ստացվել է հարվածից մեկ րոպե առաջ, ինչը թույլ չի տվել ռուսական ինքնաթիռը դուրս բերել անվտանգ գոտի»,-հավելել է նա: Մոսկվան Իսրայելի գործողությունները գնահատել է որպես թշնամական եւ պատասխան գործողությունների իրավունք է վերապահում իրեն:
«Իսրայելի այդ սադրիչ գործողությունները գնահատում ենք որպես թշնամական: Իսրայելացի զինվորականների անպատասխանատու գործողությունների հետեւանքով զոհվել է ռուս 15 զինծառայող: Դա բացարձակապես չի համապատասխանում ռուս-իսրայելական գործընկերության ոգուն»,-հայտարարել է գեներալը: «Մենք մեզ համարժեք պատասխան գործողությունների իրավունք ենք վերապահում»,-հավելել է Կոնաշենկովը: