«Երկիր Ծիրանի»-ն քարոզչություն է իրականացրել Զեյթուն, Նոր Նորք, Ավան եւ Էրեբունի վարչական շրջաններում
«Երկիր Ծիրանի» կուսկացության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն սեպտեմբերի 17-ին նախընտրական քարոզչությունն իրականացրեց Զեյթուն թաղամասում, Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ և 8-րդ զանգվածներում և Ջրվեժ թաղամասում, Ավան, Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում:
Ինչպես տեղեկացրին «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից, Զարուհի Փոստանջյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ ընդգծեց, որ Երևանում խնդիրները գրեթե բոլոր տեղերում էլ նույնն են՝ աղբահանություն, ոռոգման ցանցի բացակայություն, կանաչ տարածքների վերացում, հնամաշ և անսարք վերելակներ, շքամուտքերի վերանորոգման խնդիրներ և այլն՝ հավելելով, որ իր կողմից քաղաքապետի լիազորություններ ստանձնելիս՝ կկառուցվեն վերելակաշինական և աղբամշակման գործարաններ: Զարուհի Փոստանջյանը նաև շեշտեց, որ քաղաքապետի թեկնածուներից ովքեր ունեն ծրագիր, պետք է մասնակցեն բանավեճի, ներկայացնեն իրենց ծրագրերն ու սկզբունքները, և թող հանրությունը որոշի, թե ում կվարձի որպես Երևանի քաղաքապետ:
Այնուհետև Ավագանու թեկնածուների և քարոզչական խմբի հետ քաղաքապետի թեկնածուն քայլեց թաղամասի կենտրոնական և հարակից փողոցներով: Ճանապարհին բազմաթիվ քաղաքացիներ ողջունում և հաղթանակ էին մաղթում Զարուհի Փոստանջյանին, լուսանկարվում «Երկիր Ծիրանի»-ի նախագահի հետ, մեքենաներից նույնպես մարդիկ ողջունում և իրենց աջակցությունն էին հայտնում:
«Զարուհի», «Երկիր Ծիրանի» վանկարկումներով, քարոզչական նյութեր բաժանելով և ներկայացնելով կուսակցության նախընտրական Ծրագրի հիմնադրույթները՝ «Երկիր Ծիրանի»-ի քարոզչական խումբը շրջեց գրեթե ողջ Զեյթուն թաղամասով: Անցորդները, առևտրականները, բնակիչներից շատերը շենքերի պատուհաններից՝ ողջունում էին Զարուհի Փոստանջյանին:
Քաղաքացիներն իրազեկվում էին, որ Երևանի քաղաքապետ Զարուհի Փոստանջյանի ընտրվելու դեպքում՝ մայրաքաղաքի կառավարումը կիրականացվի բաց ու թափանցիկ, Երևանը կազատվի կոռուպցիայից և աղբից, առողջապահությունը կլինի հասանելի, կպաշտպանվեն մշակութային արժեքները և սեփականության իրավունքը, Երևանը կազատվի տրանսպորտային խցանումներից, կստեղծվեն աշխատատեղեր, կիրականացվեն սոցիալական ծրագրեր, տեղի կունենա լայնածավալ կանաչապատում: Երևանցիների և Երևանի համար կարևորագույն այդ և մյուս ծրագրերը, որոնք ներառված են կուսակցության նախընտրական Ծրագրում, կարող է կյանքի կոչել միայն ազնիվ, անկաշառ և մայրաքաղաքը սիրող Զարուհի Փոստանջյանը:
Այնուհետև քարոզարշավը շարունակվեց Ավան վարչական շրջանում, որտեղ նույնպես Զարուհի Փոստանջյանը շրջեց փողոցներով, բակերով և այգիներով: Քաղաքացիներն այստեղ ևս անկեղծ ջերմությամբ էին ողջունում քաղաքապետի թեկնածուին և շեշտում, որ Զարուհի Փոստանջյանին են ցանկանում տեսնել որպես Երևանի քաղաքապետ:
«Արդարություն և օրենք» կարգախոսով, Երևանին և երևանցիներին ծառայելու անսուտ խոստումով, քարոզչական նյութեր բաժանելով և հաղթելու անսասան հավատով՝ Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ շրջեց ողջ Ավան համայնքում:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը Ավագանու թեկնածուների և քարոզչական խմբի հետ եղավ նաև Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածում և Ջրվեժ թաղամասում, որտեղ նույնպես բնակիչների ջերմ ու անկաշկանդ զրույցներ ունեցավ: Ներկայացնելով ծրագրային հիմնադրույթերը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն քաղաքացիներին հիշեցնում էր, որ նրանք իրենց ծառայելու համար իրավունք և հնարավորություն ունեն սեպտեմբերի 23-ին վարձելու Երևանի քաղաքապետ՝ իրենց ընտրությամբ:
Այնուհետև Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ այցելեց Նուբարաշեն վարչական շրջան, որտեղ ևս քարոզչական խումբն իրազեկում էր բնակիչներին կուսակցության ծրագրային հիմնադրույթների, կարգախոսի և քվեաթերթիկում «Երկիր Ծիրանի»-ի համարի (N 4) մասին:
Նուբարաշենում Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ պտտվեց փողոցներով և շենքերի բակերով, որտեղ «Երկիր Ծիրանի»-ի ջանքերով արդեն վերացել էր տարիներ շարունակ բնակիչներին հանգիստ չտվող գարշահոտությունը: Նուբարաշենցիները շնորհակալություն հայտնեցին Զարուհի Փոստանջյանին՝ այդ գարշահոտությունից իրենց ազատելու համար, ինչին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն շեշտեց, որ հիմա արդեն պետք է վերացնել Նուբարաշենի աղբավայրը, կառուցել աղբամշակման գործարան և նրանից ստանալ ապրանքներ և էներգիա: Բնակիչները վստահեցրին, որ իրենց ձայնը տալու են Զարուհի Փոստանջյանին և միացան քայլերթին՝ դեպի «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ:
Հասնելով «Նուբարաշեն» ՔԿՀ՝ Զարուհի Փոստանջյանը կարճ ելույթ ունեցավ և նշեց, որ պետք է հասնենք նրան, որ դատական ակտերը կայացվեն արդար և անկախ դատարանի միջոցով: Այս պահին դեռ չունենք այդպիսի համակարգ, քանի դեռ չենք լուծել մեր երկրում քաղաքական համակարգի խնդիրը, չենք ներդրել ժողովրդավար համակարգ, հակակշիռների և զսպումների մեխանիզմ: Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ բոլորը, այդ թվում՝ ՔԿՀ-ի առջև գտնվող երիտասարդները, պետք է պայքարեն օրենքի և իրավունքի երկիր ունենալու համար, և եթե մարդը մեղադրվում է հանցագործության մեջ, ապա այդ մեղադրանքը նույնպես պետք է լինի օրինական՝ դա՛ է իրավական և զարգացած երկրի գրավականը: Եվ պետք է բոլորս օգտվենք իրավունքի գերակայությունից, և բացվեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի (որտեղ պահվում է շուրջ 1000 կալանավոր) դռները, դուրս գան ավտորիտար ռեժիմի զոհ դարձած կալանավորները և հասնեն իրենց հարազատներին: Քաղաքապետի թեկնածուի այս խոսքերին հաջորդեցին բուռն ծափահարություններ, և քարոզչական խումբը «Համաներում» վանկարկումներով ուղղվեց դեպի «Վարդաշեն» ՔԿՀ:
Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ այցելեց «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ պահվում է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Զարուհի Փոստանջյանը կուսակիցների և համախոհների հետ «Արդարացում Շանթին, համաներում բոլորին» վանկարկումներով ողջունեցին բանտարկյալներին և պահանջեցին Շանթ Հարությունյանի անհապաղ արդարացում:
Երեկոյան Զարուհի Փոստանջյանը, Ավագանու թեկնածուները և քարոզչական խումբը եղան նաև Էրեբունի վարչական շրջանում և շրջեցին կենտրոնական ու հարակից փողոցներով:
Շուրջ 9 ժամ տևած քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին այսօր բաժանվեցին հազարից ավելի քարոզչական նյութեր, հարյուրավոր մարդիկ ցանկություն հայտնեցին աջակցել և իրենց վստահության ձայնը տալ Զարուհի Փոստանջյանին, շուրջ երկու տասնյակ քաղաքացի էլ ցանկություն հայտնեց անդամակցել «Երկիր Ծիրանի» կուսակցությանը:
Անխախտ սկզբունքներ, մեծ սեր Հայրենիքի և մայրաքաղաքի հանդեպ, վճռական պայքար կեղծիքի, ապօրինությունների և կոռուպցիայի դեմ, քաղաքացիական ու քաղաքական անբիծ անցյալ և հմուտ կառավարման կուտակված գիտելիքներ՝ այդ որակներն ունի Զարուհի Փոստանջյանը, և օրեցօր ավելի շատ երևանցիներ են դա զգում, տեսնում և համոզվում: