Բաժիններ՝

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այցելել է Մեծամոր հնավայր

Օգոստոսի 31-ից Մեծամոր հնավայրի տարածքում վերսկսվել են հայ-լեհական հնագիտական արշավախմբի աշխատանքները: Պեղումները իրականացվում են Մեծամորի միջնաբերդից հյուսիս արևելք տարածվող քաղաքային թաղամասում: Առանձնացված երկու մեծ տեղամասերում պեղվում են մ.թ.ա XI-VIII մ.թ. I-IIIդդ. վերաբերող հնագիտական շերտեր: Բացվել են մեծ չափերի, ուղղանկյուն կառուցվածքով շինությունների մնացորդներ և սենյակներ:

Հայաստանում Եվրոպայի միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ Մեծամորում ծանոթացել են հայ-լեհական արշավախմբի աշխատանքներին:

Արշավախմբի համանախագահներ` ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, հնագիտության պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակը հյուրերին տեղեկացրել են, որ սենյակներից մեկի պահպանված պատերի հատվածում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում (թվագրման համար հիմք է ծառայել անհատի հետ հայտնաբերված ապակյա տարատեսակ ուլունքահատիկներն ու ապակյա ամբողջական մի սրվակ): Քաղաքային թաղամասից 2 մետր հարավ արևելք բացվել է մոտ տաս տարեկան երեխայի թաղում, հայտնաբերվել է` ապակյա 2 սրվակ, 1 փոքր կավաման, բրոնզե մատանի:

Նախորդ տարվա պեղումների ժամանակ 1,20 մ բարձրությամբ կարաս էր բացվել: Արշավախմբի համանախագահ Աշոտ Փիլիպոսյանի խոսքով այս տարի նույն կարասից մոտ 1 մ դեպի հյուսիս, չափերով ավելի փոքր, նոր կարաս է գտնվել: Հնագիտական արշավախումբը սկսել է պեղել նաև «Կարասային սենյակ»-ին կից քառանկյուն մեծ շինության տարածքը: Հայտնաբերվել և նախնական մշակման են ենթարկվել մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, կենդանիների ոսկորների մնացորդներ:

Եվրամիության պատվիրակության ղեկավար, դսպան Պյոտր Սվիտալսկին հնավայրի տարածքում շրջայցից հետո «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հարցը: Պ. Սվիտալսկին մեկ անգամ ևս շեշտել է հետագա գործակցության պատրաստակամությունը, միաժամանակ նշել, որ 2018 թ. Եվրամիության ուշադրությունը սեւեռվել է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում մշակութային ծրագրերի իրականացմանը:

ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը խոսել է Մեծամորում մշակութային-պատմական կենտրոն ծրագիր կյանքի կոչելու մասին, որը կընդգրկի տարբեր ճյուղեր:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն առաջարկել է ծրագիրը Եվրամիության ֆինանսավորմանը ներկայացնել որոշակի աշխատանքների իրականացումից հետո:

Պյոտոր Սվիտալսկին հետաքրքրվել է զբոսաշրջիկների հոսքով: ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը նշել է, որ ենթակառուցվածքների զարգացման խնդիր կա:

«Վատ ճանապարհի պատճառով այցելուները քիչ են: ՏԻ մարմինների հետ հարցը քննարկվել է և ճանապարհի բարեկարգումից հետո պատկերն էապես կփոխվի ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի բացառիկ ցուցանմուշներին», -իր խոսքը եզրափակել է «Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Մեծամոր այցելության ավարտին ՊՈԱԿ-ի տնօրենը հյուրերին հանձնել է կազմակերպության հրատարակած «Ջուղա» հարյուրամյա ցեղասպանության վկան քառալեզու ալբոմը, որտեղ ընդգրկված են ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ դարասկզբի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի (Ադրբեջանի մշակութային ցեղասպանության արդյունքում այդ խաչքարերը ոչնչացվել են) լուսանկարներ, պատմական ու գիտական տեղեկություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս