Բաժիններ՝

Էրդողանը դրական զարգացումներ է ակնկալում Գերմանիա իր առաջիկա այցից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Գերմանիա իր այցը, որը նշանակված է սեպտեմբերի վերջին, դրականորեն կազդի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման վրա: Այդ մասին Էրդողանը հայտարարել է թուրքական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում, որը նա սեպտեմբերի 17-ին ինքնաթիռում տվել է Ադրբեջանից վերադառնալուց հետո:

«Մենք կքննարկենք Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, ռազմական, տնտեսական եւ առեւտրական: Առանձին թեմա կդառնա նաեւ ահաբեկչության դեմ պայքարը: Ես հուսով եմ, որ Գերմանիա այցը դրականորեն կազդի մեր ապագայի վրա: Ես լիահույս եմ»,-նրա խոսքը մեջբերում է Sabah թերթը:

Էրդողանի խոսքով՝ ինքը Անկարայի եւ Բեռլինի միջեւ հարաբերությունների ջերմացում է զգացել նաեւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ու երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը Գերմանիա, ինչպես սպասվում է տեղի կունենա սեպտեմբերի 27-29-ին: Ենթադրվում է, որ Թուրքիայի ղեկավարը նաեւ կայցելի Քյոլն, եւ բացառված չէ, որ նա կցանկանա ճառով հանդես գալ հայրենակիցների առջեւ: Ավելի վաղ տեղի իշխանություններն Անկարայի ներկայացուցիչներին արգելում էին նման ելույթներ ունենալը, ինչը քննադատության պատճառ էր դառնում:

Հարաբերությունների պաղելու ֆոնին Գերմանիայի հասարակայնությունը եւ ընդդիմությունը քննադատության են ենթարկել Էրդողանին ընդունելու Բեռլինի պլանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս