Փոքր երեխաներն օգտագործում են նույն այն ժեստերը, ինչ և շիմպանզեն. գիտնականներ
Սենթ-Էնդրյուսի համալսարանից գիտնականները պարզել են, որ մեկից մինչեւ երկու տարեկան երեխաներն օգտագործում են 52 ժեստ, որոնց ավելի քան 95 տոկոսն օգտագործում են նաեւ շիմպանզեները՝ գորիլաների հետ: Աշխատությունը հրապարակված է Animal Cognition գիտական հանդեսում։
Հետազոտողները բարձրագույն պրիմատների հաղորդակցությամբ զբաղվում են ավելի քան 20 տարի: Դրա հետ մեկտեղ նրանք առաջին անգամ դիմել են փոքր երեխաների շփման ոչ բանավոր միջոցների ուսումնասիրությանը եւ զարմացել, թե որքան շատ նմանություններ է հաջողվել հայտնաբերել:
Շիմպանզեների նկատմամբ դիտարկումները կատարվել են Ուգանդայում՝ նրանց բնակության բնական միջավայրում, իսկ երեխաների նկատմամբ՝ դաստիարակչական հաստատություններում եւ տնային պայմաններում: Գիտնականները նաեւ օգտագործել են գորիլաների ժեստերի վերաբերյալ այն տվյալները, որոնք ստացվել են նախորդ ուսումնասիրություններից մեկի ընթացքում:
Գիտնականները երեխաների մոտ առանձնացրել են 52 ժեստ: Պարզվել է, որ շիմպանզեն օգտագործում է դրանցից 46-ը (89 տոկոսը), իսկ գորիլաների հետ միասին՝ 50 ժեստ (96 տոկոսը):
Օրինակ՝ ե՛ւ շիմպանզեների ձագերը, ե՛ւ երեխաները տարբեր բաներ հայտնելու համար ծափ են տալիս, դոփում են, գրկախառնվում եւ տարուբերում են գլուխները: Համընկնումները ցույց են տալիս, որ այս բնածին ժեստերը 5-6 մլն տարի առաջ «ժառանգվել են» ընդհանուր նախնուց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: