Սոցիալիզմի սկզբունքը
«Արդյո՞ք պետք է Հայաստանում սոցիալիզմ» հարցն առաջին հայացքից անտեղի, ոչ արդիական, վերացական-տեսական և պարապությունից դրդված է թվում: Իրականում, սակայն, հենց այսօր դա մի քանի առավել արդիական հարցերից մեկը պետք է լինի:
«Հեղափոխություն» բառն այսօր օգտագործվում է Հայաստանում րոպեում 60 անգամ հաճախականությամբ՝ հայ հանրությունը համարում է, որ ինքը հեղափոխություն է արել կամ անում է, սակայն կարծես այնքան էլ հստակ չի գիտակցում, թե հատկապես հանուն ինչի: Ավելի ստույգ՝ հանրության մեծ մասը բնազդորեն շատ հստակ գիտի՝ ի՛նչ է ուզում և ինչի՛ համար, սակայն վերնախավերը, որոնք պետք է հանրային բնազդները ձևակերպեին՝ որպես գիտակցություն, չունեն դրա ներուժը, և բաժանվելով հեղափոխականների ու հակահեղափոխականների, իրականում հիմնավորում են իրենց բաժանումը ոչնչի շուրջ, առաջարկում են որպես բաժանում՝ չեղած բաներ:
Զանգվածների պահանջը բնազդային մակարդակում պարզ և հստակ է՝ արդարություն, բայց վերնախավերն ի զորու չեն դա որպես գիտակցված խնդիր ձևակերպել, տալ դրա բովանդակությունը, քանի որ ճնշող մեծամասնությունը՝ հեղափոխական թե հակահեղափոխական, կրողն են նույն աշխարհայացքի, բոլորն էլ՝ անկախ նրանից, թե ինչ են մտածում իրենց մասին, վերջին հաշվով, 90-ականների հետսովետական լիբերալիզմից այն կողմ երբեք չեն անցել ու չեն անցնում: Վեճը միշտ երկրորդական մանրուքների շուրջ է՝ հիմնական դավանանքը բոլորի մոտ էլ նույնն է՝ ազատ շուկա, ներկայացուցչական դեմոկրատիա, և այլն, և այլն: Նախորդ՝ 80-90-ականների հեղափոխությունից հետո Հայաստանում ոչ մի նոր միտք, ուղղություն, հղացք չի ձևավորվել, և այդ առումով բոլորս էլ ապրում ենք դեռ 90-ականներում: 2018-ի հեղափոխությունը (իր «հակահեղափոխությամբ» հանդերձ՝ մեկը կախված է մյուսից, և նույն քաղաքական գործընթացի մասն է) դեռ նոր է սկսվել, և չի էլ հասցրել ձևակերպել սեփական գիտակցություն, սեփական հայացք աշխարհին:
88-ի հեղափոխությունը սկզբում ձևավորվեց որպես Շարժում՝ իր կազմակերպչական և աշխարհայացքային զարգացմամբ և կայացմամբ, և հետո միայն վերածվեց իշխանության: Այսօր ունենք հակառակ ընթացքը՝ իշխանությունը վերցված է, բայց Շարժում դեռ չի ձևավորվել՝ ոչ կազմակերպչական, ոչ էլ աշխարհայացքային իմաստով, քանի որ իշխանափոխությունը տեղի ունեցավ շատ արագ: Միայն նման շարժմամբ է հնարավոր 90-ականներից անցնել զարգացման հաջորդ փուլ՝ մի կողմից՝ շարունակելով նախկինը, մյուս կողմից՝ հաղթահարելով այն՝ իրապես նոր քաղաքական սերունդ դառնալ: Թե չէ, մեր մեջ ասած, 90-ականների նեոլիբերալիզմի վաղուց կարծրացած, կենսունակությունը կորցրած կրճոններով ոչ միայն հեղափոխություն, այլ նույնիսկ կարգին հակահեղափոխություն էլ չես անի (այո՛, սիրելիներս, էդ անտեր հական էլ պետք է միտք ունենա, կյանք և ազարտ, մի բան ունենա, որի համար մարդիկ ուզենան իրենց կյանքն էլ տան, թե չէ հին բոբոներով վախացնելը չի կարող լինել արդյունավետ քաղաքականություն):
«Սոցիալիզմ» բառը «վախեցնող» է, ինչպես ցանկացած «իզմով» ավարտվող վերացականություն՝ լիբերալիզմ, նացիոնալիզմ, անարխիզմ: Բայց մենք չենք խոսում սոցիալիզմի մասին՝ որպես գաղափարախոսություն, այլ խոսում ենք սկզբունքի մասին: Սկզբունքին հասնելու համար պետք է անխնա կոտրենք և մոռանանք բոլոր գաղափարախոսական կապերը: Ձախականություն, մարքսիզմ, սոցիալ-դեմոկրատիա, և այլն, և այլն, այս ամենը կապ ունեն սոցիալիզմի հետ այնքանով, որքանով օգտագործել են սոցիալիզմ անունը, բայց դրանք սկզբունքը չեն, ոչ էլ բուն էությունը, այլ «սոցիալիզմ» բառի հետ պատմականորեն՝ պայմանականության այս կամ այն աստիճանի կապ ունեցած քաղաքական դիրքեր:
Ընդհանրապես՝ քաղաքական գաղափարախոսությունները նախորդ դարի հնոտիներից են, որոնց նյութից կարելի է օգտվել, բայց որոնք ոչ միայն պարտադիր չեն, այլև անհամարժեք են՝ որպես քաղաքականության հիմք: Քաղաքականությունը չպետք է ենթակա լինի որևէ դոգմայի, որևէ աշխարհիկ կրոնի, որպիսիք են իդեոլոգիաները, այլ ստեծագործի ազատորեն և ոգեշունչ՝ բխեցնելով ամեն պահի մարտավարությունն ըստ իրավիճակի, արդյունավետության, տեղի առանձնահատկությունների: Քաղաքականության նպատակն այս կամ գաղափարախոսության իրացումը չի կարող լինել, այլ միայն տվյալ երկրի ինքնիշխանության հաստատումը, նաև՝ տվյալ հասարակության մեջ արդարության և բարեկեցության հաստատումը, իսկ գաղափարախոսությունների տարրերը կամ սահմանադրական հասարակարգերը միայն գործիք կարող են լինել այս ամենի համար:
Խոսում ենք, ուրեմն, ոչ թե գաղափարախոսության, այլ սկզբունքի մասին: Սկզբունքները, ի տարբերություն իդեոլոգիաների, միշտ էլ արդիական են: Դրանք ոչ թե հորինվում են հոդվածներում, այլ մարմնավորումն են պատմականորեն միշտ այս կամ այն կերպով դրսևորվող մարդկային ձգտումների: Սոցիալիզմը՝ արդարության, ընդհանրության, ընկերության սկզբունքն է: Կրկնենք, խոսքը ոչ թե պատմականորեն գոյություն ունեցած կամ այժմ էլ եղած որևէ «սոցիալիզմի» մասին է, այլ սկզբունքի մասին է, որն ավելի հին է, քան որևէ ժամանակակից սոցիալիզմ:
«Սոցիալիզմ» բառի հիմքում լատիներեն socius բառն է, որը բառացի նշանակում է՝ ընկեր, ուղեկից, դաշնակից: Սրա միջին սեռը՝ socium-ն է, որն արդի արևելահայերենում սովորաբար արտահայտում ենք՝ որպես հասարակություն, հանրություն, բայց ավելի բառացի թարգմանությունն է՝ ընկերություն, ընկերային: Սոցիալիզմը, ուրեմն, «ընկերականությունն է», «դաշնակցականությունը», «հանրայնականությունը»:
Սկզբունքն, ուրեմն, ընդհանուրի, հանրայինի, «ընկերայինի» գերակայությունն է, ընդհանուրի, հանրայինի, ընկերայինի շահն է, որը վեր է մասնավորից: Սկզբունքը միությունն է, ընդհանրությունը, «դաշնակցությունը»՝ դաշինքը: Բայց սա այլ բան չէ քան հենց պետության սկզբունքը՝ ըստ Արիստոտելի դասական սահմանման՝ պետությունը միություն է՝ հանուն ընդհանուր բարիքի: Սա նշանակում է, որ մարդը՝ որպես հանրային կենդանի, չի կարող միայնակ հասնել իր նպատակներին, այլ կարիք ունի միավորման՝ հանուն նպատակների իրացման: Դրանով ընդհանուրի շահի գերակայությունը ոչ թե անհատին հակասող վերացականություն է, այլ անհատի իսկ շահերից բխող կենսական պահանջ: Անկենսունակ վերացականություն է հակառակ մոտեցումը՝ իբր կարող է լինել առանձին անհատական ազատություն, շահ, իրավունք՝ ընդհանուրից, ընկերայինից դուրս: Անհատները չեն լինում ազատ կամ անազատ, այլ այդպիսին լինում են մարդկային ընդհանրությունները՝ պետությունները, ազգերը և այլն:
Ինչո՞ւ է սա կարևոր հիշեցնել: Որովհետև ընդհանուրի, ընկերայինի սկզբունքը, թեև՝ ոչ անվանապես, բայց փաստացի, ոչ միայն ժխտվում է լիբերալ դոգմատիզմի կողմից, որը գերակայում է մեր գիտակցության մեջ, այլև այդ ժխտումը հենց այդ դոգմատիկայի հիմնաքարն է: Եթե մեր հանրային բնազդը պահանջում է արդարություն, որն այլ բան չէ, քան ընդհանուրի շահ, ապա մեր գիտակցությունը լցոնված է լիբերալիզմի դոգմաներով, որոնք փաստացի ապալեգիտիմացնում են արդարության, ընդհանրապես սոցիալականի պահանջը: Ընդհանրության գերակայության մասին ցանկացած խոսակցություն՝ լինի դա սոցիալական թե ազգային երանգով, ենթակա է մեր ներսում իսկ նստած աշխարհիկ կրոնականության գրաքննիչ կասկածամտությանը: Իսկ դա նշանակում է, որ որևէ իրական փոփոփոխություն, հեղափոխություն, երկրի վերակառուցում հնարավոր չէ իրացնել, քանի դեռ տիրապետողն այդ գիտակցությունն է, որովետև վերակառուցումը հնարավոր է իրացնել միայն, եթե հիմքում լինի ընդհանուրի շահի գերակայության գիտակցումը: Նեոլիբերալ դոգմատիկան ամենահզոր հակահեղափոխական ուժն է, որի համեմատ՝ որևէ ընթացիկ դավադրություն մանկական խաղ է: Առանց դրա աստիճանաբար և փուլ առ փուլ կազմաքանդման՝ մնալու ենք նախորդ սերունդների գծած սահմանների հավետ գերի:
Այս կարճ նյութով, բնականաբար, նպատակ չենք կարող ունենալ մանրամասն բացել թեման: Միայն կարող ենք նշել ուղղությունները, որոնց շուրջ ու որոնց մասին պետք է նոր բանավեճ լինի, ու նոր ձևակերպումներ տրվեն: Պետք չէ վախենալ որոշ «սուրբ կովերի» պաշտամունքը հարցականի տակ դնելուց: Պատմական պահը դինամիկ է, և քաղաքական գործընթացներն իրենք են թելադրելու իրենց օրենքներն ու աշխարհայացքը, և որևէ անհատ ի զորու չի լինելու դիմադրել դրանց, քանզի գործընթացների ներքին տրամաբանությունն ավելի ուժեղ է, քան մարդու պատկերացումներն իր ուզածի և իր դավանածի մասին: Հիշենք, որ 88-ի Շարժումն էլ սկսվում էր՝ որպես Սովետական Միությանը հավատարիմ, անկախության պահանջը ժխտող, բացառապես խաղաղ օրինական միջոցներով Ղարաբաղը Հայաստանին միացնելու նպատակ ունեցող: Բայց գործընթացի տրամաբանությունը, հակառակ իսկ մարդկանց անկեղծ ձգտումների և պատկերացումների, միանգամայն այլ ուղղությամբ տարավ Շարժումը և նրա հակառակորդներին: Այսօր էլ մի գործընթացի մեջ ենք, որը դեռ նոր է սկսվել, դեռ իր մանկական փուլում է: Բայց միտքը պետք է փորձի միշտ մեկ-երկու քայլ առաջ լինել, ավանգարդային դեր ունենալ գործընթացի նկատմամբ, թե չէ զուտ փորձագիտական տափակ զգուշավորությամբ իրական արժեք չես ստեղծի:
Վերագնահատման ենթակա «սուրբ կովեր»:
– Ինքնակարգավորվող ազատ շուկա, որը տնտեսության լոկոմոտիվն է՝ առանց պետական քաղաքականության և միջամտության
– Տնտեսության մեջ մասնավորեցումը միշտ ավելի արյունավետ է ու լավ է, իսկ ազգայնացումը՝ անարդյունավետ ու վատ
– Արդյունավետ ռեֆորմները, որպես կանոն, լինում են «ցավոտ» և «ոչ պոպուլյար»
– Ներկայացուցչական դեմոկրատիան դեմոկրատիայի միակ հնարավոր ու միակ ճիշտ ձևն է, ընդհանրապես մարդկության կողմից վերջնականապես գտած ու կատարյալ հասարակարգն է, որն այլընտրանք չունի, և չկա Աստված, նրանից բացի
– Կուսակցությունները քաղաքական լավագույն գործիքն են, հանրային տարբեր խավերի շահերի արտահայտման միակ հնարավոր միջոց:
– Օրենքի գերակայությունը, ըստ որում, օրենք ասելով՝ հասկացվում է օրենքի տառը, այլ ոչ թե օրենսդրության սկզբունք՝ արդարությունը
Հասկանալի է, որ այս ձևակերպումները, այն էլ՝ առանց բացելու, զուտ կետերով նշված, յուրահատուկ սադրանքի տպավորություն կարող են թողնել: Բայց այլ տարբերակ չկա այս հարցերի բարձրացման, բացի սկզբնապես, թեկուզ սադրանքի գնով, դրանց վրա ուշադրություն դարձնելուց:
Հ.Գ. Հուսամ, ինքնին պարզ է, որ այս նյութով ես չեմ քարոզել որևէ ձևաչափի գաղափարախոսական սոցիալիզմ, որևէ տիպի ձախ կամ աջ ուսմունք, ոչ մի մարքսիզմ, լենինիզմ, տրոցկիզմ, մաոիզմ, կամ, Աստված ոչ արասցե, սոցիալ-դեմոկրատիզմ, ոչ մի իդեոլոգիա ընդհանրապես: Այլ խոսել եմ միայն ու միայն սկզբունքի մասին: