Եվ ծնվեց օրը
«-Ու ի՞նչ ես անում:
-Ես…, ես հավաքում եմ քո աչքերում խտացած ու ծվարած բոլոր գույները, որ լուսավորեմ ու գունազարդեմ այն արահետը, որը կտանի դեպի մեր ապագան… ապագա, որ գուցե երբեք միասին չլինենք այդ մի կտոր ժամանակում՝ մեր հույսի մատուռում…
-Մի՛ փակիր աչքերդ, լայնարձա՛կ բացիր և նայի՛ր ինձ:
-Իսկ ես չեմ կարող նայել քեզ. քո աչքերում ծով կա, իսկ որտեղ ծով, այնտեղ ալեկոծություն:
-Ահա՛…, ա՜յ թե ինչից ես վախենում, իսկ ես էլ ուզում եմ ալեկոծվել քո ծփանքից, քո հույզերի ծփանքից:
-Գիտե՞ս… որքան լայնաժպիտ ես նայում, այնքան բազմագույն ես դարձնում աշխարհը, այնքան ավելի ես ջերմացնում շուրջդ:
-Երբ այդպես ես խոսում, ուզում եմ փնջել աշխարհի բոլոր գույները ու քեզ նվիրել:
-Երանի՛…
-Ժամանակի մեջ բոլորս լուռ ենք…., քանի դեռ չենք սկսում ապրել այն: Ապրելն ամենաաղմկոտ ձայնն է այս կյանքի:
-Մենք միշտ ստիպված ենք լինում հեռու լինել իրարից, անջատ լինել… Լո՛ւյս, գիտեմ՝ քեզ շատ են սիրողները, բայց իմ մեջ՝ մթության մեջ էլ երբեմն պետք է լույս փնտրել, որ չմնամ հավերժ այս խավարում…
-Մո՛ւթ, լույսն ամենուր է, ամեն ինչում, ամեն մեկի մեջ, պարզապես պետք է որոնել, զգալ…իմ սիրուց դու կարող ես լուսավորվել, ուղղակի թույլ մի՛ տուր՝ անաստված ու անսեր մարդիկ քեզ պարտադրեն, որ դադարես սիրել ու սիրվել:
-Դու պատկերացնո՞ւմ ես՝ ես եթե քեզ սիրում եմ, որ պետք է նախանձեի, լո՛ւյս, ես, ուրեմն՝ կսիրեմ բոլորին: Պետք է հնարավորություն չտամ, որ թաքստարան դառնամ:
-Մո՛ւթ, մենք հաղթահարել ենք անհաղթահարելին, մենք կարողացանք սիրել միմյանց, ու մեր սիրուց կծնվի օրը, որը կպարգևենք մարդկանց, որ ապրեն…. սիրով ապրեն: Մտահոգվում եմ, որ մարդիկ չկարողանան հաղթահարել այն, ինչը մենք ենք հաղթահարել:
-Ես վախենում էի սիրել քեզ, մի՞թե մութը երբևէ կսիրեր լույսը, իսկ ես սիրեցի քեզ. սերը ծնունդի խորհուրդն է…»:
Այսպես լույսի և մթի սիրուց ծնվում է օրը, որ ապրեք, մարդի՛կ, սիրեք ու արարեք, որ ամեն բացվող օրվա մեջ դառնանք սիրո սերմնացան…
Էլինա ՄԻՐԶՈՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու
«Շողակն Արարատյան» ամսաթերթ