«Երկիր ծիրանի» կուսակցությունը շարունակել է քարոզարշավը
«Երկիր ծիրանի» կուսակցությունը սեպտեմբերի 11-ին շարունակել է քարոզարշավը: Ինչպես տեղեկացրին «Երկիր ծիրանի» կուսակցության մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին պատասխանելուց հետո «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր քարոզարշավը սկսեց Էրեբունի վարչական շրջանից, որի մեկնարկն ազդարարվեց «Սասունցի Դավիթ» արձանի մոտից՝ որպես հայության համախմբման ու դարձի խորհրդանիշ:
Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր բացման խոսքում անդրադարձավ երևանցիներին հուզող առաջնային խնդիրներից մեկին՝ աղբահանությանը, որը սանիտարահիգենիկ տագնապալի վիճակ է ստեղծել ինչպես Էրեբունի համայնքում, այնպես էլ ողջ մայրաքաղաքում: «Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջադրում և հանձն է առնում կյանքի կոչել աղբամշակման և վերելակների պատրաստման գործարանների կառուցումը, որոնք կլուծեն նաև սոցիալական մի շարք խնդիրներ: Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանում, ավագանու գործունեության շուրջ մեկ տարվա ընթացքում, ամբողջական ու համակողմանի ծանոթացել է տնտեսության բոլոր ոլորտներին, տիրապետում է հիմնախնդիրներին, և «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է 19 կետից, բոլոր այդ խնդիրների հիմնարար լուծումն ունի:
«Մենք պիտի կառուցենք մշակութային և քաղաքակիրթ մայրաքաղաք՝ չխնայելով միջոցներ կրթության համար, քանզի կիրթ սերունդն է ազգի շարունակականության ու պահպանման հիմնասյունը»,- իր խոսքի մեջ ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:
Այնուհետ «Սասունցի Դավիթ» արձանի մոտից «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը Ավագանու թեկնածուների և համախոհների հետ շրջեց Էրեբունի համայնքի բոլոր կենտրոնական փողոցներով, ջերմ և անկեղծ մթնոլորտում զրուցեց բնակիչների հետ, պատասխանեց նրանց հուզող բազմաբովանդակ հարցերին:
Ցավալի է, սակայն անհերքելի փաստ, որ համայն հայության ոստան Երևանը հեղեղված է անօրինական շինություններով, որի հավաստումներից մեկն եղավ Էրեբունի համայնքի Նոր Արեշ 12 փողոցի թիվ 99 շենքի մոտ տեղի ունեցող ապօրինի շինությունը: Ըստ ամենայնի՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, կանաչապատ տարածքը հերթական «եղեռնի» ենթարկելով՝ նաև հարակից շենքերի բնակիչների ու անցորդների իրավունքները խախտելով ևս մեկ կառույց է վեր խոյանում:
Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, շրջելով Էրեբունի վարչական շրջանի կենտրոնական փողոցներով և ավարտին կարճ ելույթ ունենալով «Սասունցի Դավիթ» արձանի մոտից:
Այնուհետև թիմակիցների և Ավագանու թեկնածուների և համախոհների հետ «Երկիր Ծիրանի»-ի նախագահը ուղևորվեց Սարի թաղ: Թաղամասի բնակիչները Զարուհի Փոստանջյանին հատկապես ջերմ դիմավորեցին՝ հիշելով նաև 2016 թվականի դեպքերը: Սարի թաղի բնակիչներին ևս Երևանի քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներն ու կարգախոսը:
Սարի թաղի 7-րդ փողոցի 67-րդ շենքի բնակիչները Զարուհի Փոստանջյանին ներկայացրեցին նորակառույց շենքի խնդիրները, մասնավորապես՝ արդեն չորս տարի է, որ չի աշխատում շենքի վերելակը, իսկ շենքի աստիճանները չունեն աստիճանավանդակներ:
Սարի թաղում ևս սանիտարահիգիենիկ վիճակը չափազանց մտահոգիչ էր, թաղամասի բոլոր աղբամանները և հարակից հատվածները լեփ լեցուն էին աղբով:
Այսօր երեկոյան ժամը 21.00-ից Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը կլինի Ազատության հրապարակում, որտեղից կսկսի շրջել հարակից կենտրոնական փողոցներում:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը վաղը՝ սեպտեմբերի 12-ին կշարունակի նախընտրական քարոզարշավը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, որը կմեկնարկի «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից, ժամը 12:00-ին: