
ՀՔԾ-ն հարցում է ուղարկել Ռուսաստանի Դաշնություն՝ Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը պարզելու համար

Հատուկ քննչական ծառայությունը հարցում է ուղարկել Ռուսաստանի Դաշնությանը` Մարտի 1-ի գործով մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը պարզելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ դեռ պատասխանը չեն ստացել:
Հարցին, թե ինչու նախկինում չի ստուգվել Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ, ողջամտության կանխավարկածից ելնելով, այդ հանգամանքը չի ստուգվել:
«Եթե պարզվի, որ նա 2002 թվականից եղել է Ռուսաստանի քաղաքացի, կարծում եմ, որ պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկվեն նրան նշանակող անձինք»,- նշեց Խաչատրյանը:
Ավելի վաղ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը որոշել է չեղարկել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը: Միքայել Հարությունյանը Մարտի 1-ի քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին: