
ՕԵԿ-ը համացանցում տարածված ձայնագրության կապակցությամբ զորակցություն է հայտնել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին

«Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մի կողմից մտահոգություն է հայտնել, իսկ մյուս կողմից՝ զորակցություն արտահայտել ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին` այսօր համացանցում հայտնված գաղտնալսման առնչությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել գաղտնալսման հեղինակներին բացահայտելու առնչությամբ, որով փորձ է արվում հարված հասցնել երկրի ուժային կառույցների հեղինակությանը և ազդել երկրում սկիզբ առած կարևորագույն և աղմկահարույց բացահայտումների վրա:
Միևնույն ժամանակ կուսակցությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնում կառավարությանը և իրավապահ մարմինների ղեկավարներին ու աշխատակիցներին, կոչ անելով հետևողականորեն շարունակել մարտի 1-ի լիակատար բացահայտման, երկիրը կողոպտած, կոռուպցիայի, թալանի և գանձագողության մեղավորների հայտնաբերման և պատասխանատվության կանչելու գործում: Հույս ենք հայտնում, որ այս դիպվածը էլ ավելի նպատակային կդարձնի մեր ողջ իրավապահ համակարգի գործունեությունը քրեական և կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու համար»: