«Բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի գործողություններին, այլև կոնկրետ կրակել է մարդկանց ուղղությամբ. ՀԾՔ պետ

«Սեյրան Օհանյանի մասով առաջադրված մեղադրանք այս պահին չկա։ Տակտիկապես դա քննիչն է որոշում՝ երբ առաջադրեն մեղադրանքը, ինչ խափանման միջոց ընտրել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի գործողություններին, այլև կոնկրետ կրակել է մարդկանց ուղղությամբ։ Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից մեկից վառվող շիշ է նետվել»,- ասաց նա:

ՀՔԾ պետը շեշտեց՝ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է գործողություններին:

Սասուն Խաչատրյանն ասաց, որ մի բացահայտում կանի, որի մասին այդքան էլ չէր ցանկանում խոսել. «Գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումների զինծառայողների, սահմաններում շաբաթներով զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են շատ վտանգավոր դեպքեր, եղել է նաև դիվերսիա։ Սա նույնպես ապացուցված է քրեական գործի նյութերով։

ՀՔԾ պետը շեշտեց՝ ամենախայտառակ բանը, որը արել են՝ բանակի հետ, բանակի զինվորներին վարձականներ սարքելն է. «Օլիգարխների կողմից փետրվարի 23-ից մարտի 8-ը զինվորներին գումար են բաժանել, որ նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը»։

Դիտարկմանը՝ անուններ տվեք՝ ՀՔԾ պետն ասաց. «Անուններ նշեմ, որ փախնե՞ն»:

Տեսանյութեր

Լրահոս