«Հեռախոսազրույցի ընթացքում կարող են լինել որոշակի անճշտություններ, որովհետև չենք ենթադրել, թե կարող է ձայնագրվել և հրապարակվել». ԱԱԾ տնօրեն

«Ես եղել եմ Ժնև քաղաքում, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված այնտեղ էի։ Այդ խոսակցության ժամանակ եղել եմ մեքենայի մեջ՝ օդանավակայանի ճանապարհին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հերքելով այն լուրերը, թե ձայնագրությունն արվել է այն ժամանակ, երբ ինքը եղել է Մոսկվայում։

Վանեցյանի խոսքով՝ խոսակցության մեջ չի ասվում, թե վարչապետն ասել է, որ պետք է Խաչատուրովը կալանավորվի. «Ասված է հետևյալը. վարչապետն ասել է, որ որևէ քաղաքական խոչընդոտ չի կարող լինել քրեական գործի օրինական ընթացքի համար»։

Դիտարկմանը՝ տեսագրության մեջ լսվում է, որ ասում են՝ չնայած վարչապետն ասել է՝ գործը պետք է փակել, բայց դուք շարունակում եք, նա այսպես արձագանքեց.

«Մանրակրկիտ չեմ լսել այդ խոսակցությունը, անգամ եթե վարչապետն ասել է՝ պետք է փակեք, ես ասել եմ՝ նայեք իրավական հիմքերը։ Վարչապետը չի ասել՝ փակեք, ասել է, որ քրեական գործով անցնող անձինք, անկախ իրենց դիրքից, պետք է ենթարկվեն պատասխանատվության, եթե կան նրանց կալանավորելու հիմքերը»։

Կարդացեք նաև

Նա ասաց, որ հեռախոսազրույցի ընթացքում կարող են լինել որոշակի անճշտություններ, որովհետև չեն ենթադրել, թե կարող է ձայնագրվել և հրապարակվել իրենց խոսակցությունը։

Հարցին՝ դատավորին չե՞ք ասել՝ դուխով, նա այսպես պատասխանեց. «Հիմա եկեք՝ հերթով սաղ բառերը հանենք, սկսենք ամեն բառին մեկնաբանություն տալը։ Եթե խոսակցությունը լսել եք, հաղորդագրություն կա, որն ուղարկվել է Խաչատրյանին, որտեղ փորձագիտական կարծիք է։ Ես Հրաչի հետ չեմ խոսել, ես Հրաչ չեմ ճանաչում, բայց այստեղ գալուց առաջ պարզվեց, որ խոսքն այն դատավորի մասին է, որը կալանքը տվել է Ռոբերտ Քոչարյանի։ Ես նրա հետ ծանոթ չեմ, անձամբ չգիտեմ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ սխալ ինֆորնացիա՞ է տվել Խաչատրյանին, թե խոսել է դատավորի հետ։ «Ես սխալ ինֆորմացիա չեմ տվել, ես չեմ խոսել Հրաչի հետ, դա անհերքելի փաստ է, կարող են բոլորը տեսնել, որ ես դատավորի հետ անձամբ ծանոթ չեմ»,-պարզաբանեց նա։

Ինչ վերաբերում է խոսակցության այն հատվածին, որտեղ Վանեցյանն ասում է, թե ռուսների հետ հազիվ են բարիշել և պետք է վերապահումով մոտենալ Խաչատուրովի կալանավորմանը, ԱԱԾ տնօրենը պարզաբանեց, որ դա եղել է երկու մարդու միջև խոսակցություն, որը չի ենթադրում բառերի պահպանում կամ գրական հայերեն խոսել.

«Եղել է խոսակցություն, որի ընթացքում սովորական լեզվով ասել եմ այն, ինչ ասել եմ։ Ինչ վերաբերում է ռուսների հետ հազիվ ենք կարգավորել խոսակցությանը, ապա գաղտնիք չէ, որ «թավշյա հեղափոխությունից» հետո որոշ շրջանակներ սկսել էին տարածել, թե Հայաստանում իրավիճակ է փոխվել և նոր իշխանությունները փոխում են արտաքին քաղաքական վեկտորը։ Այդ մտահոգությունը կար նաև մեր ռուս գործընկերների մոտ, որը հերքվել է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930