«Պար ես մտել, պիտի շորորաս». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հանդիպման կանխատեսումներն ու արձագանքները, ինչպես մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, գերազանցեցին բուն հանդիպումը: Սա, կարելի է ասել, նորմալ է, միշտ էլ նման հանդիպումներից առաջ լինում են գերչափազանցված կանխատեսումներ, իսկ հանդիպումից հետո նույնատիպ մեկնաբանություններ: Ընդ որում՝ չափազանցվածությունն ընդգրկում է բոլոր ճամբարները՝ եւ՛ գովերգողների, եւ՛ քննադատողների:
Մյուս կողմից, չենք կարող համարել նաեւ, որ տեղի է ունեցել հերթական ոչինչ չտվող հանդիպումը, քանի որ իսկապես էլ ժամանակն էր ճշտել մի շարք օրակարգային հարցեր, այդ հարցերը բոլորովին էլ չէին վերաբերում հայ-ռուսական արմատական հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը:
Այս հարաբերությունները շարունակվելու էին նույն միտումներով եւ նույն տրամաբանության մեջ՝ անկախ հեղափոխությունից: Պատահական չէ, որ, օրինակ, ռազմական մատակարարումների առումով վարչապետը նշում է, որ այն ընթանալու է բնականոն հունով:
Այս հանդիպման խնդիրն այլ էր: Նախ՝ նախորդ երկու հանդիպումներում վարչապետ Փաշինյանը շարունակաբար շեշտում էր Հայաստանի սուվերենությունը՝ փոխկապակցված հայ-ռուսական դաշնակցության հետ: Այս հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նույնպիսի շեշտադրություն: Սակայն մինչ հանդիպումը տեղի ունեցած տեղեկատվական ճնշումները հայկական կողմի վրա, կարծես թե, տրամադրություններ շոշափող գործառույթ ունեին:
Միաժամանակ ցանկացած նման մակարդակի հանդիպումից առաջ տեղի են ունենում, այսպես ասած, տեղեկատվական արշավներ եւ ուժի ցուցադրություն: Դժվար է ասել, արդյո՞ք դա իրականացվում է Կրեմլի ցուցումով, թե՞ նրա լուռ համաձայնությամբ, սակայն դրանից երեւույթի բովանդակությունը չի փոխվում:
Սակայն, ինչպես ցույց տվեցին հանդիպման ընթացքն ու հանդիպումից հետո հնչած հայտարարությունները, հայկական կողմը նախ՝ բավարար երաշխիքներ է հերթական անգամ ներկայացրել Ռուսաստանին՝ հետագա համագործակցության շարունակության սերտացման եւ տեսլականի վերաբերյալ, ռուսական կողմն էլ իր հերթին կրկին համոզվել է Հայաստանի անկեղծության մեջ:
Սակայն, սա չի նշանակում է, թե առաջիկայում Ռուսաստանը այլեւս խուսափելու է Փաշինյանի կառավարությանը կամ ներկայիս իշխանությանը, այսպես ասած, մանր ստուգողական հարվածներ հասցնել:
Չի նշանակում նաեւ, որ Հայաստանը պետք է հրաժարվի շարունակաբար իր սուվերենությունը հիշեցնել: Իրականում այս գործընթացները աշխարհաքաղաքական իմաստով շարունակական պրակտիկաներ են, որոնք իրականացվում են միջպետական հարաբերություններին զուգահեռ:
Սա առավել քան նորմալ է, թեկուզ եւ տհաճ, սակայն նորմալ, որովհետեւ Ռուսաստանը որպես կայսրություն կամ կայսերական հավակնություններ ունեցող երկիր, շարունակելու է առնվազն ինքն իր համար գծել ազդեցության սահմաններ: Ուզենք թե չուզենք, մենք գտնվում ենք այդ սահմաններից ներս, եւ մեր կամ ցանկացած իշխանության խնդիրն է հնարավորինս արդյունավետ կերպով իրացնել սուվերենության մեր չափաբաժինը:
Այս տեսանկյունից ընդամենը կարող ենք ասել, որ ՀՀ եւ ՌԴ ղեկավարների հանդիպումը ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են վերահսկելիության սահմաններում, որ այս հարաբերություններում ֆորս-մաժորները ամենամոտ ապագայում բացառված են:
Բացի այս, ինչ-որ իմաստով Փաշինյանը քարտ բլանշ ստացավ ռուսական եւ ռուսական ծագմամբ մի շարք խոշոր կազմակերպությունների նկատմամբ՝ օրինակ «Հարավկովկասյան երկաթուղու» եւ «Գազպրոմ Արմենիայի»:
Վերջինիս պարագայում նման քարտ բլանշ է Պուտինի «զարմանքը» Հայաստանում գազի գնի վերաբերյալ: Սակայն սա համարել զուտ հայկական դիվանագիտության հաղթանակ, նույնպես տեղին չէ, քանի որ «Գազպրոմի» նման տնտեսական գիգանտի հետ Ռուսաստանի կենտրոնական իշխանությունը եւս երբեմն-երբեմն ունենում է խնդիրներ, սակայն սա այլ քննարկման թեմա է:
Վերջապես, եթե ընդհանուր առմամբ ամփոփենք հանդիպման էմոցիոնալ կողմերը, ապա կարող ենք նշել, որ Հայաստանը վերջնականապես սկսել է ձեւակերպել իր մոտեցումները իր դաշնակցի նկատմամբ, այդ մոտեցումները կարող ենք անգամ բնութագրել կոշտ՝ որոշակի շրջանակների կողմից, սակայն սուվերենության սահմանները չնեղացնելու տեսանկյունից տարբերակների ընտրությունն այնքան էլ մեծ չէ, ուստի, ինչպես ասում է ժողորդական ասացվածքը, «պար ես մտել, պիտի շորորաս»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: