«Օրինաց Երկիր» կուսակցությունը պատրաստ է իր ներուժը ներդնել հանուն Երևանի
Երևանի քաղաքապետի «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու, կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցավ ՕԵԿ նախընտրական հանրահավաքը:
Մհեր Շահգելդյանի խոսքով՝ «Օրինաց Երկիր» կուսակցությունը պատրաստ է իր ներուժն ու պայքարը ներդնել հանուն Երևանի: «Հարգելի երևանցիներ, այսօր մեր կուսակցությունը ներկայացրել է մրցունակ, երիտասարդ, աշխատանքային փորձ ունեցող, լայն գիտելիքների տիրապետող, , նորարական մտածելակերպով թեկնածուների ցուցակ: Մեր ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը, Երևանի խնդիրները»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:
Մհեր Շահգելդյանն ընդգծեց, որ Երևանի կառավարումը պետք է լինի կոլեգիալ, և ավագանու մասնակցությունը որոշումների ընդունմանը պետք է շատ ավելի լայն լինի: «Սա միայն քաղաքապետի ընտրությունը չի, սա ավագանու ընտրություն է. բոլորը պետք է մասնակցեն Երևանի կառավարմանը»,- ասաց Երևանի քաղաքապետի ՕԵԿ թեկնածուն՝ թվելով մի քանի ծրագրային դրույթներ:
Սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանի առաջնորդությամբ կուսակցության կողմից ավագանու թեկնածու առաջադրվածները, հարյուրավոր համակիրներ ու աջակիցներ այցելել են Երևանի կենտրոնական թաղամասեր, հանդիպել համաքաղաքացիների հետ, ներկայացրել ՕԵԿ ծրագրերն ու լսել առաջարկություններ:
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ը ներկայացրել է ավագանու անդամի 116 թեկնածու, ցանկը գլխավորում է «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: ՕԵԿ-ի կարգախոսն է՝ «Մենք ենք ու մեր Երևանը»: