«Իմ քայլը» դաշինքը հավակնում է ստանալ 80-90% քվե

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը հավակնում է ստանալ 80-90% քվե: Նման թիվ այսօր Էրեբունիում հանրահավաքի ժամանակ հնչեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ, որ մենք բոլորս գիտակցենք այս ընտրությունների բացառիկ լրջությունը»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկողը քվեարկում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և այս Ազգային ժողովը լուծարելու օգտին. «Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են Հայաստանում արտահերթ խորհրադարանական ընտրություններ անելու գաղափարը և ընտրակաշառքով ընտրված խորհրդարանը լուծարելու գաղափարը, մի մարդու նման 80-90%-ով քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին»:

Նա նշեց, որ այս ընտրություններում ժողովրդին բավարար չէ լուծել միայն Երևանի հարցը, այլ պետք է լուծել հակահեղափոխության հարցը: Ն.Փաշինյանի խոսքով՝ որոշ ուժեր, որոնք իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, այսօր ԱԺ-ում, «քուչեքում» ու տարբեր ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ի հետ՝ ստանալու համար նրա կեղծարար ռեսուրսի աջակցությունը. «Տղե՛րք և աղջիկնե՛ր, եթե ձեր հույսը Հանրապետականի զորացրված ընտրակեղծարարների վրա է, դուք ընդհանրապես ինչի՞ համար եք մասնակցում ընտրություններին»:

Տեսանյութեր

Լրահոս