«Ժողովուրդը հրապարակում իր տարած հաղթանակը պետք է հաստատի նաև ընտրատեղամասերում». Նիկոլ Փաշինյան
«Այս ընտրությունները չափազանց կարևոր են, որովհետև դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո: Եվ այս ընտրությունները ստանում են բացառիկ կարևոր քաղաքական նշանակություն, որովհետև այս ընտրություններում ժողովուրդը, ՀՀ քաղաքացին պետք է ընտրական տեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որ նա տարել է Հանրապետության հրապարակում»,- այսօր Էրեբունիում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին հորդորելով «դուխները» տեղը պահել։
Ըստ նրա՝ այս ընտրություններում խնդիրն այն չէ, թե Հայկ Մարությանը քաղաքապետ կընտրվի, կամ ոչ, այլ այն, թե ժողովուրդը հրապարակում իր տարած հաղթանակը հաստատի նաև ընտրատեղամասերում: Ն.Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին թավշյա հեղափոխության արդյունքները վերահաստատել՝ քվեարկելով «Իմ քայլը» դաշինքի օգտին:
Անդրադառնալով նրան, թե ինչու է դաշինքը հանդես գալիս Հայկ Մարությանի թեկնածուով, Ն.Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Մարությանն ամենաշատն է համապատասխանում այն գաղափարախոսությանը, որ այսօր գրված է Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթարշավի հիմքում. «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում այլևս պետք է տեղի ունենա աշխատանքի քարոզչություն, ոչ թե պարապության քարոզչություն, Հայաստանում պետք է փոխվի հաջողության մոդելը և պետք է ներդրվի նոր հաջողության մոդել»։
Նոր մոդելը, ըստ Փաշինյանի, հաջողության հասնելն է բացառապես տաղանդի, աշխատանքի, քրտնաջանության և սկզբունքայնության արդյունքում։ Ն.Փաշինյանը նշեց, որ Մարությանն ինքն է իր համար աշխատանք ստեղծել՝ չունենալով որևէ բարձրաստիճան պաշտոնյա, և ժողովրդի հովանավորությամբ է բնակարան գնել Հյուսիսային պողոտայում. «Հայաստանում հաջողության հասնելու համար պետք չէ քծնել իշխանավորներին, այլ պետք է օր ու գիշեր աշխատել, իրացնել սեփական տաղանդը, որն անպայման կբերի արդյունքի և բարեկեցության»։
«Գողերը Հայաստանում այլևս տեղ չունեն, Հայաստանում տեղ ունեն աշխատող, միայն արարող մարդիկ»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ Մարությանը ոչ թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն է, այլ՝ ժողովրդի է։