Բաժիններ՝

ԲՈԿ նախագահը՝ պաշտոնյաների ու նրանց կանանց գիտական ատենախոսությունների ուսումնասիրության մասին

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է՝ ուսումնասիրություն իրականացնեն կամ զբաղվեն նախկին իշխանավորների ու նրանց կանանց, մասնավորապես՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և այլոց գիտական ատենախոսությունների որակով: Ի պատասխան՝ Գոգյանն ասաց, որ դա ԲՈԿ գործառույթների մեջ չի մտնում։

«Իհարկե, կարող է թվալ, որ պաշտոնավարումից հետո շատ մեծ կլինի գայթակղությունը՝ բացել պաշտոնյաների գործերը և աղմկալի բացահայտումներ անել, բայց ԲՈԿ-ի գործառույթի մեջ դա չի մտնում։ Հետին թվով գիտական աստիճանը վերցնելն անհնար է։ Օրենսդրական փոփոխություններ եթե լինեն և հնարավորություն ընձեռվի, դրա մասին նոր կմտածենք»,- ասաց Գոգյանը։

Նրա խոսքով՝ ԲՈԿ-ը մինչ այժմ կատարել է ոստիկանի ֆունկցիաներ. «Մտածել են՝ ԲՈԿ-ում կբռնվեն, թե չեն բռնվի՝ իրենց անորակ աշխատանքներով, բայց մեր գործառույթների փիլիսոփայությունը փոխում ենք. մենք լինելու ենք ոչ թե ոստիկանական, այլ բժշկական կառույց։ Պրոցեսի մեջ մտնելու ենք ատենախոսությունը խորհուրդ ներկայացնելու առաջին օրվանից, և ոչ թե վերջում պատժելու ենք, այլ ամեն քայլը վերահսկելու ենք, որպեսզի ամեն ինչը տեղի ունենա օրինական՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը, ծանոթության համակարգի ազդեցությունը որոշման վրա, և վերջում տալու ենք գնահատական»։

Իսկ այդ գնահատականը, ըստ Գոգյանի՝ ոչ թե պատժելու է հայցորդին, որը խորհրդի կամայականությունների արդյունքում պաշտպանեց, այլ գնահատելու է գիտնականներին, խորհրդի անդամներին, ընդդիմախոսներին, գիտական ղեկավարին` ընդհուպ նրանց արգելելով ծավալել հետագա գործունեություն գիտական ղեկավար լինելու կամ խորհրդում ընդգրկվելու առումով։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ինչ-ինչ մեխանիզմներ կիրառեն, որպեսզի գործող պաշտոնյաները, լծակներ ունենալով, չփորձեն գիտական ատենախոսություն պաշտպանել, ինչպես դա արվում էր նախկինում, նա պատասխանեց, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է մարդուն արգելել ատենախոսությունը ներկայացնել պաշտպանության.

«Հիմա կա պաշտոնյա, որն իր դոկտորական ատենախոսության նախապաշտպանությունն անցել է փետրվարին, պատրաստվում էր ամռանը ներկայացնել պաշտպանության, բայց իրավիճակի փոփոխության արդյունքում որոշել է սպասել, որպեսզի չշահարկվի իր պաշտպանությունը: Եթե իմ դոկտորականի պաշտպանելն այդպես շահարկվեց, ապա հիմիկվա բարձրաստիճան պաշտոնյայինն առավել ևս կշահարկվի, որի ցանկությունը ես բացարձակ չունեմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս