«Եթե խաղում ենք այն խաղի կանոններով, որ ՀՀ ներքին գործերն են դա, ապա ինչո՞ւ է վարչապետը խոսում դրա մասին Մոսկվա կատարած այցի ընթացքում». Արմեն Աշոտյան
«Շատ կարևոր է, որպեսզի ՀՀ իշխանությունները հայ-ռուսական հարաբերություններին իրենց հավատարմությունն ապացուցելու նախկինում արված հայտարարությունները չեղարկելու համար, այնուհանդերձ, մնան ՀՀ ազգային պետական շահերի շրջանակներում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցին:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ի աջակցությունը ՀՀ երկրորդ նախագահին պայմանավորված է իր հանդեպ հարուցված, ՀՀԿ-ի գնահատականներով՝ ապօրինի քաղաքական հաշվեհարդար հիշեցնող, սահմանադրականության հետ որևէ աղերս չունեցող գործընթացի հետ, և այս պայքարը կամ աջակցությունը բացառապես իրավական, քաղաքական դաշտում է.
«Նիկոլ Փաշինյանի անդրադարձը հարցազրույցում, թե՝ տեսեք, Ռոբերտ Քոչարյանին ազատել ենք, միայն ընդգծում է այն հանգամանքը, ինչից պաշտոնական քարոզչությունը՝ վարչապետի գլխավորությամբ, մինչև մոսկովյան այցը փորձում էր հրաժարվել, կամ, համենայն դեպս, տպավորություն ստեղծել, թե այդպիսի օրակարգային հարց չկա: Մենք բոլորս միասին պետք է պահանջենք կառավարությունից ու վարչապետից՝ լինել մաքսիմալ ազնիվ հասարակության, պետական մարմինների հետ»:
Ա.Աշոտյանը նշեց, որ ինքը կցանկանար, որ հայ-ռուսական հարաբերություններում արտաքին քաղաքականության հետ կապված մանիպուլյացիաներ, բառախաղեր, տեղեկատվական օպերացիաներ չիրականացվեն, որովհետև դրանց կյանքը շատ կարճ է և միայն ընդգծում է խնդրի գոյությունը:
Դիտարկմանը, թե Միքայել Հարությունյանը ՀՀԿ-ի իշխանության տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ հանդիսանալով ՌԴ քաղաքացի, Ա.Աշոտյանը հակադարձեց, թե ՀՀԿ-ի իշխանությունը պետք է հաշվել Սերժ Սարգսյանի նախագահությունից: Նա չմեկնաբանեց ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանի պաշտոնավարման հարցը:
«Կա մեծ գայթակղություն՝ արտաքին հարաբերությունները դարձնել ներքաղաքական օրակարգի մաս: Այս գայթակղության մեջ իշխանությունը, գործող կառավարությունը մեղադրում է ընդդիմությանը: Այնուհանդերձ, իշխանությունն իր բարձրացրած հարցերով լեգիտիմացնում է ընդդիմության հարցադրումների ի հայտ գալը: Եկեք հասկանանք, թե ինչ խաղի կանոններով ենք խաղում:
Եթե խաղում ենք այն խաղի կանոններով, որ ՀՀ ներքին գործերն են դա, ապա ինչո՞ւ է վարչապետը խոսում դրա մասին Մոսկվա կատարած այցի ընթացքում: Չէ՞ որ նա լեգիտիմացնում է նույն Լավրովի հայտարությունները, ժամանակին մերժելով դրանք, հիմա, փաստորեն, նույն սյուժեն է թելում, նույն խաղն է խաղում և նույն օրակարգն է առաջ տանում: Ես կարծում եմ՝ շատ կարևոր է ՀՀ արտաքին քաղաքականության մեջ որոշել դաշտերը: Խաղի կանոնները պետք է լինեն հստակ և տեղեկատվական, ինչպես կասեր Ռուբեն Վարդանյանը, միտինգային մանիպուլյացիաներն այս հարցում ոչ միայն անթույլատրելի են, այլև կարող են պարզապես կործանարար լինել»,- ասաց Ա.Աշոտյանը: