«Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցում ունի հայեցակարգ, բայց չի հրապարակում». Արամ Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցում ունի հայեցակարգ, բայց չի հրապարակում, որովհետև տակտիկական առումով ոչ նպատակահարմար է համարում: Նա գտնում է, որ միևնույն է՝ ցանկացած հայեցակարգ, որը Հայաստանի իշխանությունները հրապարակելու են, այդ հայեցակարգն Ադրբեջանի իշխանությունների կողմից մերժվելու է, որովհետև Ադրբեջանն ասում է՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Ըստ նրա՝ նման դեպքում  Ն.Փաշինյանի դիրքորոշումն այն է, որ ամեն ինչ տալ չենք կարող, հետևաբար՝ մինչև դուք այդ տեսակետից չհրաժարվեք, իմաստը ո՞րն է հայեցակարգ հրապարակելու: Ա.Սարգսյանի խոսքով՝ պատերազմական գործողությունները ոչ ոք չի բացառում, բայց ինքն այս շրջանում դրանք քիչ հավանական է համարում:

«Միշտ Ռուսաստանի հրահրմամբ ու թույլտվությամբ են եղել պատերազմները: Եվ պատահական չեմ համարում, շատ ճիշտ քայլ եմ համարում այն, որ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ եթե ՌԴ նախագահը չուզենա պատերազմ այս տարածաշրջանում, ապա այդ պատերազմը չի լինի: Եթե եղավ, ուրեմն ՌԴ նախագահն Ալիևին թույլատրել է պատերազմ անելու, հետևաբար, հայ-ռուսական հարաբերություններն այդքան էլ հարթ չեն: Ես կարծում եմ, որ այս պահին նման վտանգ չկա, որովհետև տարածաշրջանով հետաքրքրված որևէ երկրի ձեռնտու չէ այս պահին պատերազմը»,-ասաց Ա.Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս