«Դա շատ բնական եմ համարում, մենք էլ դրանից հետո կուսակցությունները չէինք փակելու՝ գնայինք տուն». Արամ Սարգսյան

«Երևանի ավագանու ընտրությունները կարող են խորհրդարանական ընտրությունների համար վերադասավորումների կանխորոշիչ հնարավորություն ստեղծել: Ժամանակից շուտ չեմ կարող ասել, թե զարգացումներն ինչպիսին կլինեն: Հնարավորություն կա, որ հետագայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր այն խորհրդարանական ուժերը, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, որոնք բնական դաշնակիցներ են և գաղափարական առումով իրար շատ մոտ են, մեկ թիմով գնան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Ելք» դաշինքում ներգրավված ուժերը, ի վերջո, ի՞նչ ձևաչափով կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Ըստ նրա՝ չի բացառվում նաև, որ դաշինքի անդամներն առանձին-առանձին գնան, այդ ամենը կախված է ուժերի գնահատականից, ուժերի հնարավորությունից: Ա.Սարգսյանի խոսքով՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ կարողանա քվե վերցնել, այդ դեպքում ինքն անձամբ դեմ է մաս կազմել մեծ ուժի, և զուտ պաշտոնի համար դաշինք չեն կազմի ՔՊ-ի հետ:

Ա.Սարգսյանը նշեց, որ, եթե ժողովուրդն ամբողջությամբ աջակցի ՔՊ-ին և տա մեծամասնություն, նրանք պետք է լինեն մեծամասնություն, այստեղ դաշինքի խնդիր չկա.

«Եթե խնդիր առաջանա, որ ժողովուրդն ուզում է համախմբվել, և մեծամասնություն ձևավորելը բարդ է դառնում, ապա այն քաղաքական կուսակցությունները, որոնք նույն գաղափարներն ունեն, համագործակցություն կծավալեն: ՔՊ-ի հետ դաշինք չկազմելու դեպքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները միասնական կգնան արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:

Նա հերքեց, որ «Ելքը» փլուզվել է: Ա.Սարգսյանի հավաստմամբ՝ այն այսօր խորհրդարանական ձևաչափով է գործում, իսկ թե դրանից հետո նոր խորհրդարանում հանդես կգա՞ն դաշինքով, թե՞ ոչ, արդեն կորոշի ժամանակը.

«Ակնհայտ իրականություն կա, որ հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» դարձավ շատ ավելի տարածական, մեծ կուսակցություն, լրիվ ինքնաբավ: Եվ իրենք համարում են, որ իրենց ունեցած կադրերով, մարզերում ունեցած իրենց գրասենյակներով՝ իրենք միայնակ ու ինքնուրույն կարող են ընտրություներին մասնակցել, մեծամասնություն ունենալ ու կառավարություն ձևավորել: Դա շատ բնական եմ համարում, մենք էլ դրանից հետո կուսակցությունները չէինք փակելու՝ գնայինք տուն»:

Տեսանյութեր

Լրահոս