«ՀՀ-ում ՌԴ-ի դրական քաղաքականության լավագույն ցուցանիշը կլինի այն, որ Հայաստանում գազի գինն իջնի»

Ռուսաստանն ինքն էլ կցանկանա Հայաստանի հանրության դրական վերաբերմունքն ունենալ: Նման համոզմունք այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և Փաշինյան-Պուտին հանդիպմանը:

Ըստ նրա՝ ռուսական շրջանակները վերլուծում և հաշվի են առնում այն իրողությունները, որոնք այսօր կան Հայաստանում: Ա.Սարգսյանի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է որոշակի դրական քայլեր անի, ներառյալ գազի գնի և ռազմարդյունաբերական համալիրի առումով:

«Նախքան Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը երկու երկրների հարաբերություններում խնդիրներ կային, և խնդիրները նաև քաղաքական դաշտում էին: Փանիկի հայտնի դեպքերից հետո Հայաստանի վարչապետը բավական կոշտ, բայց և ճիշտ արտահայտվեց: Դրան կոշտ արձագանքեց ռուսական համապատասխան թևը: Իրենք նաև շատ կոշտ վերաբերմունք ցույց տվեցին, երբ ՀՀ պաշտպանության նախարարը խոսեց ռուսական ռազմաբազայի պայամանագրի, նաև վերանյաման հնարավորության առումով: Սրանք քաղաքական շատ լուրջ գործընթացներ են:

Ռուսաստանը միանշանակ նման բաները բաց չի թողնում: Դրան էլ հետևեցին Ռոբերտ Քոչարյանի, Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի հետ կապված խնդիրները՝ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, և ռուսական կողմը սկսեց իր արտգործնախարարով կոշտ արձագանքել: Այս վերջին հանդիպումը, նաև վարչապետի հայտարարությունները տանում են նրան, որ այդ խնդիրները հարթվել են, և մեր հարաբերությունները բնականոն գործընթացով կգնան»:

Ա.Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ում Ռուսաստանի դրական քաղաքականության լավագույն ցուցանիշը կլինի այն, որ Հայաստանում գազի գինն իջնի:

Տեսանյութեր

Լրահոս