«Քաղբանտարկյալներ չլինել՝ չի նշանակում, որ պետք է գնալ, բանալիով բացել խցի դուռը և կալանավորին ասել՝ գնա տուն». իրավապաշտպան
«Շանթ Հարութունյանի ազատ արձակման պահանջն ու հնարավոր զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ այսօր Մեդիա կենտրոնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել է իր քաղաքական գործունեության համար, այդ ժամանակ դատարանի կայացրած վճիռը, ըստ նրա՝ բացառապես անհիմն է, և այն տվյալների բազան, որ ներկայացվել է, ամբողջությամբ հիմնված էր ոստիկանության ցուցմունքների վրա։
»Հիմա իրավիճակը փոխվել է, իշխանությունը փոխվել է, քաղաքական հրահանգ՝ Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու, չկա։ Այս առումով Շանթ Հարությունյանի անազատության խնդիրը միայն իրավական հարթության մեջ է։ Հիմա դատարանը պետք է որոշում կայացնի»,- ասաց նա։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս նշեց, որ Շանթ Հարությունյանի գործը քաղաքական բնույթ է կրում. «Երբ խոսում ենք Շանթ Հարությունյանի մասին, պետք է հիշենք, որ նա մենակ չէր, ուներ ընկերներ։ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ քրեական գործը սկսվեց իրենց կազմակերպած երթից, երբ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները սադրանքի զոհ դարձան։ Երբ Շանթ Հարությունյանի գործը սկսի անցնել արդարացման փուլ, և տեղի կունենա դատավարություն, այդ ժամանակ հնարավոր կլինի անուն առ անուն անդրադառնալ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ սադրանքին՝ քաղաքացիական և ոչ քաղաքացիական հագուստով ոստիկաններին և նրանց ցուցումներ տվողներին»։
Իրավապաշտպանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում քաղբանտարկյալներ պետք է չլինեն, և ընդգծեց՝ քաղբանտարկյալներ չլինել՝ չի նշանակում, որ պետք է գնալ, բանալիով բացել խցի դուռը և կալանավորին ասել՝ գնա տուն. «Քաղբանտարկյալ չունենալ՝ նշանակում է՝ վերանայել քաղբանտարկյալների գործերը, արդարացնել։ Հիմա բանտերում եղած բոլոր քաղբանտարկյալները համաձայնեցին արդարացման դիմում գրել և հեշտորեն դուրս եկան բանտերից։ Շանթ Հարությունյանը հրաժարվում է նման դիմում գրել, որովհետև կարծում է՝ առանց դիմումի են իրեն դատել, թող այդպես էլ ազատ արձակեն։ Դրա համար Փաշինյանի առաջին իսկ հրապարակային հայտարարությունից հետո, որ ՀՀ բանտերում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, ՀՀ դատախազությունը, Արդարադատության նախարարությունը, հասարակական, իրավապաշտպան կառույցների հետ միասին, պետք է ինչ-որ ճանապարհ գտնեին, որպեսզի այդ գործը սրանից երկու-երեք ամիս առաջ արդեն սկսված և ավարտին մոտենալիս լիներ հիմա։ Այդ կառույցները թերացել են»։
Իսկ «Ազատ քաղաքացի» հ/կ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը նկատեց՝ գործադիր իշխանության ֆունկցիաներից մեկն էլ արդարադատության վերահսկողությունն է. «Դա նշանակում է, որ ցանկացած իրավական խոչընդոտ, կամ երբ մի ստորակետի, սխալ տառի պատճառով մարդուն հնարավոր չի լինում ազատել բանտից, այդ մարդու խնդիրը չէ, այլ գործադիր իշխանության խնդիրն է։ Եթե կա քաղաքական կամք, որ հռչակվել է՝ քաղբանտարկյալներ պետք է չլինեն, ուրեմն՝ գործադիրը պետք է հասնի նրան, որպեսզի չլինեն, դա իր պարտականությունն է»։