
Գերտերությունները, ոչ միայն Ռուսաստանը, ուսումնասիրում են Հայաստանի այսօրվա իշխանությունը». Ալեն Սիմոնյան

Հայ-ռուսական հարաբերություններում անհանգստանալու որևէ բան չկա, մեր ռուս գործընկերները պարզապես ուսումնասիրում են մեզ: Այսօր Ազգային Ժողովում այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Մեր գործընկերների համար անհասկանալի իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանում. 10 օրվա ընթացքում իշխանափոխություն տեղի ունեցավ ու իշխանության եկավ մի ուժ, որը եղել է ընդդիմություն: Գերտերությունները, ոչ միայն Ռուսաստանը, ուսումնասիրում են Հայաստանի այսօրվա իշխանությունը»,- ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են պահպանել լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Անհանգստանալու որևէ բան չկա հայ-ռուսական հարաբերություններում: Դրանք լավ մակարդակի վրա են, և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն ավելի լավանան»,- նշեց Ալեն Սիմոնյանը: