«Եթե նման բան կլինի, ես պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել». Գագիկ Ծառուկյան

«Մեզ ձայն տան, թե չտան, չենք նեղանալու։ Մենք եկել ենք այստեղ ոչ թե օգտվելու, այլ պատասխանատվությունը չարչարանք է, պետք է աշխատես, որ իրականացնես, որ մարդիկ դա տեսնեն»,- այսօր քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ ցուցակի անդամների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ երևանցին ում ցանկանա՝ նրան էլ պետք է ընտրի։

Նա նշեց, որ որևէ մեկին չի հանձնարարել կաշառք բաժանել. «Դրանք ավելորդ խոսակցություններ են։ Ով ավել-պակաս խոսում է, նրանք մեր թշնամիներն են։ Տիկին Զոհրաբյանն այդքան գումարներ չունի, որ բաժանի, կամ պարոն Աբովյանը, որն, ասենք թե Խաչատուր Աբովյանի ծոռն է։ Կաշառք տվողը պետք է ձերբակալվի և պատասխանատվության ենթարկվի։ Եթե նման բան կլինի, ես եմ պատրաստ պատասխանատվության ենթարկվելու»։

Ծառուկյանն ասաց, որ պատահական թեկնածու չեն ընտրել. «Նաիրա Զոհրաբյանին բոլորն էլ ճանաչում են, նա պատրաստ է քաղաքացու կողքին լինել։ Այդ հույսով ու հավատով էլ նրան առաջադրել ենք։ Ես ամեն ինչով աջակցելու եմ, նրա կողքին եմ լինելու, այդ հարգանքը կրկնապատկելու, եռապատկելու համար»։

Գագիկ Ծառուկյանը նաև հավելեց, որ միայն թույլ մարդը կարող է իր մրցակից թեկնածուներին վիրավորել. «Մարդը պետք է կարողանա ներկայացնել, թե ինքն ինչ կարող է անել։ Իսկ մեկը մյուսի վրա ցեխ շպրտելը նշանակում է, որ նա թույլ մարդ է, չի կարող այդ ծանրությունն իր վրա վերցնել և իրականացնել։ Մենք կհաղթենք՝ թող մեզ շնորհավորեն, ուրիշը կհաղթի՝ մենք կշնորհավորենք»։

Տեսանյութեր

Լրահոս