Անեմիայի նշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Եթե մշտական հոգնածություն եք զգում, հնարավոր է՝ օրգանիզմին չեն բավարարում երկաթի և B12 վիտամինի մակարդակը: Rd.com-ի հաղորդմամբ՝ անեմիան բնորոշվում է էրիթրոցիտների քանակի նվազմամբ: Անեմիայի մասին կարող են վկայել հետևյալ նշանները:
Շնչահեղձություն և գլխապտույտ: Երբ օրգանիզմին չի բավարարում երկաթի և վիտամին B12-ի մակարդակը հեմոգլոբինի բավարար քանակ ապահովելու համար, մարմնի որոշ հատվածներ անհրաժեշտ քանակով թթվածին չեն ստանում: Արդյունքում՝ նկատվում են շնչահեղձություն, գլխապտույտ:
Քրոնիկական հոգնածություն: Սա անեմիայի ամենատարածված նշաններից է, որն առաջանում է նույն պատճառով, ինչ շնչահեղձությունն ու գլխապտույտը:
Մաշկի գունատություն: Երկաթի և վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում մաշկը գունատվում է, երբեմն նույնիսկ դեղին գույն ստանում:
Ցավ կրծքավանդակում: Էրիթրոցիտների քանակի նվազման դեպքում սիրտը կարող է ավելի հաճախ աշխատել: Արդյունքում կարող է լարվածություն առաջանալ կրծքավանդակի հատվածում:
Արյան կորուստ: Քրոնիկական արյունահոսության դեպքում մեծ է անեմիայի զարգացման հավանականությունը:
Տարօրինակ սննդային նախապատվություններ: Անեմիայի ամենատարօրինակ նշաններից է առարկաներ ուտելու ցանկությունը՝ սառույց, սոդա, կավ, կավիճ:
Նշանների առկայության դեպքում կարևոր է խորհրդակցել մասնագետի հետ՝ վեր հանելու համար խնդիրն ու դրա պատճառները, ինչպես նաև բուժում ստանալու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը