Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանն աղբահանության հարցում լրջագույն հայեցակարգային վերանայումների անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ «Սանիտեկ» ընկերությունը ձախողում է Երևանի աղբահանության գործընթացը: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր ունենք փաստ, որ մայրաքաղաքում աղբահանության համար ստեղծվել է մենաշնորհային իրավիճակ, և վերջին տարիներին համակարգի կառավարումը պատշաճ ձևով չի իրականացվել: «Հիմա, ինչպես ենք մենք պատկերացնում այդ խնդրի լուծումը: Նախ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ինձ ասաց, որ «Սանիտեկ»-ի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ 5 նոր աղբատար մեքենաներ են ստանալու, որից հետո իրավիճակը մի փոքր կբարելավվի, բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ այստեղ մենք լրջագույն հայեցակարգային վերանայումներ պիտի անենք»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ տարբերակներից մեկն այն է, որ մայրաքաղաքի աղբահանությունը վստահվի ոչ թե մեկ, այլ մի քանի ընկերությունների: «Բայց այստեղ ավելի գլոբալ խնդիր կա: Մենք այսօր աղբը մի տեղից մեկ այլ տեղ ենք տեղափոխում: Իսկ ինչ է լինում հետո այդ աղբի հետ: Մեզ համար ամենակարևոր խնդիրներից մեկը իսկապես աղբի վերամշակման համակարգ, աղբի վերամշակման գործարան ունենալն է: Բարեբախտաբար, կան մի քանի ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում այս թեմայի նկատմամբ: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի գտնել վստահելի գործընկեր, ով կկազմակերպի ոչ միայն մայրաքաղաքի, այլ, գուցե, նաև ողջ հանրապետության աղբահանությունը կամ մի քանի ընկերություններ, որոնց շղթայի մեջ պարտադիր օղակ է աղբի վերամշակումը: Էլի եմ ասում, երբ մենք աղբը մայրաքաղաքից հավաքում տանում ենք մեկ այլ տեղ, և աղբն այդտեղ կուտակվում է, դրանով մենք խնդիրը հետաձգում ենք, ոչ թե լուծում»,- մանրամասնեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այն իրավիճակը, որ աղբահանության առումով այսօր կա Երևանում, անընդունելի է, ինչի համար պատասխանատու են «Սանիտեկ»-ը և հետևանք է Երևանի քաղաքապետարանի ոչ հեռատես քաղաքականության: «Քանի դեռ մենք չունենք ներգրավված նոր ընկերություն, պետք է փորձենք կառավարել իրավիճակը՝ ավելի տանելի վիճակ ունենալու հեռանկարով»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը նաև ցավով արձանագրեց, որ Հայաստանում դեռ կան շատ մարդիկ, ովքեր կարող են ծառի տակ նստած արևածաղիկ ուտել, թքել գետնին, ծխախոտ ծխել, գցել գետնին, ինչ-որ մի բան ուտել, գցել գետնին և միաժամանակ ասել, թե երբ է լուծվելու աղբահանության խնդիրը: «Ես չեմ ասում, որ այդ քաղաքացիներըի րավունք չունեն ասել, թե երբ է ի վերջո լուծվելու աղբահանության խնդիրը, սակայն ընդհանուր առմամբ հեղափոխության տրամաբանությունն այն էր, որ մենք ոչ միայն պիտի պահանջենք որևէ խնդրի լուծում, այլ ինքներս որևէ բան պիտի անենք այդ խնդրի լուծման համար: Ես հույս ունեմ ճիշտ եք հասկանում: Ես նկատի չունեմ, որ մենք «Սանիտեկ»-ի փոխարեն պետք է աղբահանություն անենք: Ես նկատի ունեմ, որ ոչ մի ամոթ բան չկա, եթե որևէ տեղ ընկած ինչ-որ բան ենք տեսնում, կռանանք և վերցնենք, գցենք աղբամանը: Էլ չեմ ասում, որ ոչ մի ամոթ բան չկա, եթե մենք ծխախոտը ծխելուց հետո, այդ մնացորդը չշպրտենք ասֆալտին կամ արևածաղիկը չթափենք գետնին, որովհետև սա նույնպես աղբահանության գործընթացի կաևոր մաս է, և սա այն մասն է, որը մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս