Ցնծության և հպարտության զգացումով է այսօր լցված մեր հոգին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ նախագահին և ժողովրդին

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին և բարեպաշտ ժողովրդին:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, շնորհավորագրում մասնավորապես ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, Արցախի իշխանություններին և բարեպաշտ Մեր ժողովրդին Անկախության տոնի առիթով:

Գոհունակության, ցնծության և հպարտության զգացումով է այսօր լցված Մեր հոգին: Ազգովի տոնում ենք 27-րդ տարեդարձը Արցախի Հանրապետության անկախության, 27-րդ տարեդարձը արցախահայության ազատ, արժանապատիվ կյանքով ապրելու կամարտահայտության: Մեր մտապատկերում վեր են հառնում դժվարին տարիներն արցախյան գոյապայքարի:

Առ Աստված ապավինությամբ ազգս հայոց ոտքի կանգնեց պաշտպանելու իր արդար իրավունքները հայրենի պատմական Արցախում՝ փաստելով, որ Հայոց Ցեղասպանությամբ հայ ժողովրդի համար բացված 20-րդ դարը չի կարող մայր մտնել նույնպիսի ոճրագործությամբ:

Հաղթանակեց հայրենիքի հանդեպ անմնացորդ սերն ու նվիրումը: Մեր ժողովրդի արի զավակները արյան գնով ու անօրինակ սխրանքներով ազատագրեցին հայրենի հողը: Արցախյան հերոսամարտը պսակվեց հռչակումով անկախ պետականության, մի ճանապարհ, որին արցախահայությունը ոտք դրեց գալիք բոլոր դժվարությունների և փորձությունների քաջ գիտակցությամբ և մարտահրավերներին դիմագրավելու հանձնառությամբ:

Փառք Աստծո, հակառակ ամենածանր պայմանների, բազում դժվարությունների ու նեղությունների, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի՝ Մեր զավակները, ազատության արժեքի ամենաբարձր գիտակցությամբ, իրենց արժանապատիվ կյանքը կերտեցին և շարունակում են իրենց նախնյաց քաջարի, անկոտրում ոգու և հավատի կրողը մնալ: Մենք հպարտ ենք Արցախի Մեր սիրեցյալ ժողովրդով և աջակից նրա հայրենաշեն ու ազգանվեր ծրագրերին` մշտապես աղոթում ենք նրա խաղաղ, բարօր և արգասաբեր կյանքի համար:

Մեծարգո Նախագահ, բարձր ենք գնահատում Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Ձեր նվիրումն ու անդուլ ջանքերը և Արցախի մեր բարեպաշտ ժողովրդի իղձերի իրականացմանը միտված ծրագրերը:

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Սուրբ Աջով խաղաղ երկնքի ներքո բարօր պահպանի մեր Արցախ աշխարհը, միասնական ու համախումբ պահի արցախահայությանը` պարգևելով անվրդով ու ապահով, շեն ու պայծառ կյանք»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ մշտապես զորանա հավատքը և անպարտ մնա ոգին Պաշտպանության բանակի հերոս զինվորների ու հրամանատարների` անառիկ պահպանելու հայրենյաց սահմանները:

Տեսանյութեր

Լրահոս